Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը
Պարոն Համբարյան, քննչական կոմիտեն որոշել է կալանավորել Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը՝ նաև հաշվի առնելով, որ Անահիտ Ֆարմանյանը ժամանակին հանդես էր գալիս նաև ձեր պաշտպանությամբ։
Անահիտ Ֆարմանյանի հետ կապված դեպքերը շատ մութ են։ Բուհին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ տիկին Ֆարմանյանը որևէ ֆինանսական գործարքների մեջ չի եղել։ Ի պաշտոնե եմ սա ասում։ Ինձ համար զարմանալի էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որտեղից իմանում ենք, որ Անահիտ Ֆարմանյանը ինչ-որ ֆինանսական հարցերի մեջ է ներգրավված եղել։ Ես հիմա չեմ ուզում կոնկրետ անդրադառնալ այդ թեմային, որովհետև տիկին Ֆարմանյանն ինքն էլ երևի կարձագանքի, բայց մի փոքր աբսուրդային բաներ կան այդ մեղադրանքի մեջ։ Նաև նրա եղբայր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ անպայման կանդրադառնա այս թեմային։
Ինձ այլ հարց է հետաքրքրում. շատ ուրախ եմ, որ մեր իրավապահներն այդպես ջանադրաբար բացահայտում են հանցագործությունները և գրեթե ամեն օր տեղեկանում ենք աղմկահարույց գործերի մասին։ Բայց հիմա հարցը հետևյալն է. Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ես գրառումներ եմ կատարում 11 ամսից ավելի։ Նախորդ իշխանությունների ժամանակ մոտ 7 ամիս իրավապահ համակարգը լուռ ու մունջ ունկնդրում էր իմ գրառումները, հարցազրույցները, որտեղ բացահայտ և ապացուցված ես ներկայացնում էի այն բոլոր հանցագործությունները և անօրինականությունները, որոնք գործում էր արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը բուհում։ Միայն իշխանափոխությունից հետո նրանք հանձն առան քրեական գործ հարուցել 308 հոդվածի շատ մեղմ հոդվածով։ Հետագայում 134 հոդվածով՝ պաշտոնական կեղծիք, ևս մեկ գործ է հարուցվել։ Եթե մեր իրավապահները մտածում են, որ մեղմ հոդվածներով թոզ են փչելու մեր աչքերին, և պարոն Մինասյանը պատասխան է տալու այդ հոդվածներով, չարաչար սխալվում են։
Ես այսօր մամուլից իմանում եմ, որ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության վերաբերյալ գործով թեև բոլորն ասում են, որ պետությանը պատճառված վնասը փոխհատուցվել է, նույնիսկ այդ պարագայում քրեական գործ է հարուցվել և անգամ հարցաքննվել է Գյումրիի փոխքաղաքապետը։ Շատ նորմալ է, բայց ես մի հարց եմ տալիս մեր իրավապահներին. Պարոն Մինասյանը կոպտորեն խախտելով բուհի ֆինանսական նախահաշիվը, 1,5 մլն դրամի փոխարեն 6 մլն դրամ գումար է տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ու չի պատճառաբանել, թե ինչի համար։ Եթե անգամ պատճառաբանի էլ, դա չի ընդունվում։ Ինչու է նա 6 մլն դրամ հատկացրել իր հարազատ կուսակցության կողմից վերահսկվող հիմնադրամին։ Երկրորդ, արդեն երկու տարի է, որ ես և Հովհաննես Խորիկյանը պահանջում ենք, որ բուհի արհկոմը հաշվետվություն ներկայացնի, որը չկա։ Երբ մենք դատախազություն բողոք ենք ներկայացնում, բուհի արհկոմ Վալերիկ Խաչատրյանը ունենալով կնիք, սկսում է գործունեություն ծավալել։ Ես չեմ հասկանում, չի՞ կարելի այդ կնիքը առգրավել և առժամանակ թույլ չտալ, որ նա ինչ-որ ապօրինություններով զբաղվի բուհում։ Երրորդ, բուհի հաշվին 30 հազար դոլար է տրամադրվել և գնվել է ինչ-որ դիզելային գեներատոր։ Մեն բուհի ռազմավարական զարգացման ծրագրում դիզելային գեներատորի գնման համար ոչ մի տող չի եղել։ Սահակ Մինասյանի հայտարարությունները, թե երկու օր Անի թաղամասում լույս չի եղել և ինչ-որ պրեպարատներ են փչացել, տարրական զրպարտություն և սուտ է։ 30 հազար դոլար տրամադրել այս ճգնաժամային տարում և գեներատոր գնել, որը 2 անգամ աշխատելուց հետո փչացել է, ո՞վ է նրան նման բան թույլ տվել։
Ընդամենը մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը խայտառակ փաստեր բացահայտեց, որ Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը այս տարվա հունվարից մինչև մայիս բուհի հաշվին կարկանդակի և բուլկու արտադրամաս է բացել, որը գործել է ապօրինի։ Ավելին, ըստ ՊԵԿ-ի հրապարակած նյութերի, 1 մլն 733 հազար դրամ ծախսելով միայն աշխատավարձի և էլեկտրաէներգիայի վրա, պարոն Մինասյանը թողարկել է 2,4 մլն դրամի կարկանդակ և բուլկի։ Միայն այդ մասով վնասը 1 մլն 330 հազար դրամ է։ Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։ Ավելի խոշոր չարաշահման մասին ասեմ. մարդը կարող է 250 հազար դոլար ծախսել բուհի դահլիճը վերանորոգելու վրա, այն դեպքում, երբ կահույքն ու տեխնիկան նվեր է Համաշխարհային բանկից։ Կամ մի փաստաթղթի մեջ նշում է, որ 16 մլն դրամով ամբողջ բուֆետն է վերանորոգել, մյուս փաստաթղթում էլ նշում է, որ 15,9 մլն դրամի միայն բուֆետի համար տեխնիկա է ձեռք բերվել։ Բացի այդ, պարոն Մինասյանի հայտարարած դահլիճի վերանորոգման թվերի և ԿԳՆ հրապարակած թվերի միջև 20 մլն դրամի տարբերություն է։ Պարոն Մինասյանը հայտարարում է, որ ամբողջ դահլիճը վերանորոգվել է 66-68 մլն դրամով, իսկ ԿԳՆ-ի 2017-ի նոյեմբերի հաշվետվության մեջ նշվում է, որ միայն դահլիճի վերանորոգման վրա ծախսվել է շուրջ 87,3 մլն դրամ և դեռ դահլիճի վերանորոգումն ավարտված չէ։ Որքա՞ն կարելի է պաշտպանել այդ մարդուն։ Ես և Հովհաննես Խորիկյանը պահանջում ենք անհապաղ կալանավորել Սահակ Մինասյանին։ Սահակ Մինասյանն ունի շատ բարձրաստիճան հովանավորներ իրավապահ համակարգում, և եթե նույն տեմպով շարունակվեց, ես կսկսեմ տալ կոնկրետ անուններ, որոնք խառնված են պարոն Մինասյանի այդ գործերի մեջ։
Դուք կարծում եք, որ սելեկտիվ արդարադատությո՞ւն է իրականացվում։
Ես ուրախ եմ, որ բոլոր հանցագործները պետք է պատասխան տան, բայց ինչ վերաբերում է Սահակ Մինասյանին, ապա այստեղ արդարադատությունն ընտրովի է։ Եթե Անահիտ Ֆարմանյանը կամ որևէ այլ անձ բուհում հանցագործություն են գործել, դա պետք է դեռ ապացուցվի, բայց պարոն Մինասյանի հանցագործությունները բացահայտված են և շատ վաղուց։ Այդտեղ հետաքննություններ, հետազոտություններ անցկացնելու կարիք բացարձակապես չկա։ Կոնկրետ մի քանի դրվագով նրան կարելի է հանգիստ ձերբակալել։ Այսօր բուհը խայտառակ իրավիճակում է գտնվում։ Ընդամենը երկու օր առաջ բուհում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն առաջարկել է, որ հոգաբարձուների խորհուրդը թույլ տա 40 մլն դրամ տոկոսով փող վերցնել բանկից, որ բուհը կարողանա իր ֆինանսական պարտավորությունները կատարել։ Իսկ 2016 թվականի հուլիսի 16-ին Շիրակի պետհամալսարանի նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանը պաշտոնապես հայտարարել է, որ երբ ինքը դարձել է ռեկտոր, բուհը կանխիկ ունեցել է 395 մլն դրամ։ Ես դրան դեռ չեմ գումարում 70 մլն դրամի դոտացիան, որ նա ստացել է ռեկտոր նշանակվելուց մի քանի օր հետո, և 125 մլն դրամի ուսանողական պարտքերը։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի ֆինանսական հաշվետվության մեջ նշվել է, որ բուհն ունի մոտ 242 մլն դրամի պարտք։ Այդ ինչպե՞ս է ստացվել՝ 1,5 տարում պրոֆիցիտով ժառանգած փողի պարագայում ունենալ 242 մլն դրամի պարտք։
Ես ֆինանսիստ չեմ, բայց գիտեմ, որ այն հիմնարկները, որոնց ֆինանսական բացասական հաշվեկշիռը 10 տոկոսից ավելի է լինում, արդեն իրավապահ համակարգն սկսում է հետազոտություններ կատարել, թե որն է դրա պատճառը։ Սահակ Մինասյանի գործունեության անտրամաբանական ահռելի շինարարական աշխատանքների արդյունքում Շիրակի պետհամալսարանի բյուջեի բացասական սալտոն 22 տոկոսից ավելի է։ Ով է պատասխան տալու։ Ես կարծում եմ, որ Սահակ Մինասյանը ամբողջ ծավալով պետք է պատասխան տա բուհի դեմ իր գործած հանցագործությունների համար։
Նյութի աղբյուրը՝ Lragir.am