Նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող գործողություններում ակնհայտ է քաղաքական միտումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Չեմ կարող ասել, որ դա Փաշինյանի պատվերն է, բայց միգուցե իրավապահները շտապում են, միգուցե իրավապահների մի մասը փորձում է դուր գալ նոր իշխանություններին, բայց այն, որ նախկին իշխանությունների նկատմամբ ակնհայտ է քաղաքական, չեմ ուզում ասել հետապնդումը, բայց այդ քրեական գործերի դեպքում ակնհայտ է քաղաքական միտումը, անձնական միտումը։ Դա մեկը կարող է ասել վենդետա, մյուսը կարող է ասել վրեժխնդրություն, որակումների հարց է, բայց սա ակնհայտ է»,– նշեց նա։
ԱԺ փոխխոսնակը վերահաստատեց, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմք չկա. «Նախկին նախագահներին կալանավորելու համար պետք է ունենաս 100 չէ, այլ 150 տոկոսանոց փաստեր։ Այդ փաստերը ես չեմ տեսնում։ Այսօր թե՛ ՀՔԾ–ի, թե՛ նոր իշխանությունների գործողությունները ինձ վստահություն չեն ներշնչում, որ նրանք կարող են ներկայացնել այնպիսի փաստեր, որ ես փոխեմ իմ կարծիքը»։
Դիտարկմանը, թե այն ժամանակ կային արդյոք Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հիմքեր, նա հրաժարվեց պատասխանել. «Չեմ կարող ասել, դա իրավական հարց է եղել»։
Հարցին՝ ինչո՞ւ են ՀՀԿ–ականները ջանասիրաբար գործում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, մտավախություն կա, որ հերթը կհասնի Սերժ Սարգսյանին, նա բացասական պատասխանեց։
Շարմազանովը համոզմունք հայտնեց՝ ՀՀ երկրորդ նախագահին չպետք է կալանավորել, եւ դա չէր կարող խոչընդոտել արդարադատության համար։ Նա ՀՔԾ պետի ու գլխավոր դատախազի հիմնավորումները թերի եւ անլուրջ համարեց՝ պնդելով, որ «Վիկիլիքս»–ի հիման վրա մեղադրանք է առաջադրվել՝ նկատի ունենալով նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Գեւորգյանին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է եղել։