«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը: Եւ նրանք երեքով քննարկել են այս գործի մանրամասները, բայց սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության դրույթի շրջանակներում: Մեր աղբյուրների պնդմամբ` մտավախություն է հնչել, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու եւ կալանավորվելու հերթը հասնելու է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու եթե նախագահի անձեռնմխելիության սկզբունքի շրջանակներում նրանք Քոչարյանին ազատ արձակելու հարցը չլուծեն, միգուցե կալանավորվի նաեւ Սարգսյանը:
Ի դեպ, ժամանակին նույն տրամաբանությամբ էլ ՀՀԿ-ն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկան հայտարարություններով. թեեւ նրանք առերեւույթ պաշտպանում էին Քոչարյանին, բայց իրականում փորձում էին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ դառնալու հեռանկարից փրկել Սերժ Սարգսյանին:
Վազգեն Ռշտունին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այդ հանդիպման մասին լուրը: Իսկ մինչ այդ մեկ արձանագրում. դատավոր Ալեքսանդր Ազարյանը հասցրել է մի քանի հարցազրույց տալ՝ մեկնաբանելով եւ արդարացնելով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Միայն թե դատական համակարգում չլսված երեւույթ է, երբ դատավորն իրավական ակտ կայացնելուց հետո հարցազրույցներ է տալիս ու հավելյալ մեկնաբանում իր քայլը: Դատավորների համար նման արգելք կա նաեւ «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					