Ալիքները Կամչատկայի ափ են նետել տարօրինակ էակի: Գտածոն հայտնաբերել է տեղացիներից մեկը, որը խորհրդավոր «հրեշի» մասին հոլովակը հրապարակել է Facebook-ի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ձեզ եմ ներկայացնում այս անհավանական գտածոն: Ամենահետաքրքիրն այն է, որ նա ծածկված է խողովակաձեւ բրդով: Միգուցե սա ինչ-որ հնագույն արարած է: Եթե միայն այստեղ ուղարկեին գիտնականներին, որ նրանք այս հրաշքը տեսնեին: Միգուցե օվկիանոսը մեզ հանելուկ է տվել»,- գրել է Սվետլանա Դյադենկոն:


Օգտատերերի ենթադրությամբ՝ Դյադենկոն, հնարավոր է, գլոբսթեր է գտել՝ չճանաչված օրգանական զանգված: Սա ավելի շուտ կետերի կամ շնաձկների կիսաքայքայված մնացորդ է:

Կամչատկայի Ձկնային տնտեսության եւ օվկիանոսագիտության ԳՀԻ աշխատակիցները հաստատել են, որ մնացորդները պատկանում են սովորական կետի: Գիտնականների խոսքով՝ ծովի ջրի եւ օվկիանոսի բնակիչների ազդեցությամբ միսը զրկվել է ճարպի շերտից, որի հետեւանքով ձեռք է բերել այսպիսի տարօրինակ ձեւ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիետնամի ափերին գտել են խորհրդավոր ծովային «հրեշի»: Արտասովոր ծովային էակը հարյուրավոր շարժվող շոշափուկներով տեղացիներին ցնցել էր, երբ նրան ջուրը դուրս էր նետել Կյենզյանգի (Հարավային Վիետնամ) ափ:

Ավելի ուշ պարզվել է, որ դրանք բազմաճյուղ օֆիուրներ էին (ծովի հատակի կենդանիներ): Դրանք ապրում են մինչեւ 8 կմ խորությամբ, եւ ծովի հատակին կեր են գտնում հենց իրենց շոշափուկների շնորհիվ: