Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում 2:4 հաշվով պարտվելով Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոյին», 18 տարվա ընդմիջումից հետո դարձյալ պարտություն կրեց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:
Նախորդ անգամ Արքայական ակումբը եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում պարտվել էր 2000 թվականին: Այդ ժամանակ մադրիդցիները ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում 1:2 հաշվով պարտվել էին թուրքական «Գալաթասարային», գրում է Marca-ն:
Վերջին 18 տարում «Ռեալը» 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու 4 անգամ դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: Եվրոպայի լիգային իսպանական ակումբը չի մասնակցել:
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած խաղում «Աթլետիկոն» հաղթեց լրացուցիչ ժամանակում ու պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ կրկնելով 2010-ի ու 2012-ի հաջողությունը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով:
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում առաջին անգամ հանդիպեցին նույն քաղաքը ներկայացնող թիմեր: