Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը:

«Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման եւ ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման եւ ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային եւ ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:


Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:

Հիշեցում.

1. Բջջայինով խոսելիս խուսափեք զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից:

2. Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին:

3. Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ:

4. Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երեւում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ եւ այլն:

5 .Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը:

Հիշեք հակառակորդը լսում է ձեզ եւ կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը»: