Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցից հետո ֆեյսբուքյան արձագանքում մատնանշել էր երկու հետաքրքիր կետ՝ ավարտին է մոտենում ՀՀԿ արդիականացման ծրագրի մշակումը, Ռոբերտ Քոչարյանը ունենում է ծրագրային հարցազրույց:
Իհարկե, Քոչարյանի հարցազրույցը ծրագրային հնարավոր է համարել մեծ վերապահումով, այն իմաստով, որ հարցազրույցը իրականում ցույց տվեց ծրագրի բացակայությունը, քանի որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնում է հանգամանքների բերումով, «ինքնապաշտպանության» անհրաժեշտությունից դրդված:
Որովհետեւ եթե նա դա աներ իրապես պետության անվտանգության հանդեպ մտահոգությունից դրդված, ապա այդ մասին պետք է հայտարարեր տարիներ առաջ, երբ պետությունն իսկապես հայտնվել էր բավականին վտանգավոր իրավիճակում. Սաստկացել էր արտագաղթը, տնտեսական անկումը: Դա Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ բացարձակ իշխանության տարիներն էին: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն այդ ընթացքում հայտարարում էր իր անհամաձայնության, անհանգստության մասին, անգամ հեռակա բանավիճում ՀՀԿ-ականների հետ, կամ ավելի շուտ ՀՀԿ-ականներին էին ագրեսիվ հակադարձում Քոչարյանին: Բայց Քոչարյանը ակտիվ քաղաքականություն չմտավ, այն պարզ պատճառով, որ նախորդ տասնամյակը ռիսկի տակ չէր դրել նրա սեփականության եւ ազատության հանգամանքը:
Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է գերազանցապես այդ հանգամանքների բերումով:
Այդուհանդերձ, կա փաստ, որ երկրորդ նախագահը հայտարարում է քաղաքականություն վերադարձի մասին եւ այն, որ ՀՀԿ փոխնախագահը հաջորդաբար արձանագրում է կետերը՝ ՀՀԿ արդիականացում եւ Քոչարյանի «ծրագրային» հարցազրույց, հետաքրքիր իրողություն է:
Բանն այն է, որ Քոչարյանի հայտարարությունից հետո ամենից հաճախ հնչող հարցը հենց ՀՀԿ հետ նրա գործակցության հարցն է: Ընդ որում, ՀՀԿ-ականները հայտարարում են, թե պատրաստ են: Հետաքրքիրն այն է, որ Քոչարյանին կարծես թե ոչ ոք չի հարցրել՝ իսկ նա կգործակցի՞ ՀՀԿ հետ: Ի վերջո, տեղի ունեցավ նաեւ հետաքրքիր մի բան՝ 40-ից ավելի ՀՀԿ-ական ստորագրեցին նրա խափանման միջոցի փոփոխության երաշխավորագիրը, բայց Քոչարյանը կալանքից ազատվեց ամենեւին ոչ դրա շնորհիվ: Նա կալանքից ազատվեց իր աշխատակազմում հինգ տարի պաշտոնավարած դատավորի շնորհիվ, որը Քոչարյանին ազատեց սահմանադրական անձեռնմխելիության հիմքով:
Այլ հարց է, թե դա որքան էր իրավականորեն ճիշտ մեկնաբանություն, իրավաբանների կարծիքները այստեղ խիստ տարբեր են, սակայն ուշագրավ փաստը եւ քաղաքական տողատակն այստեղ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցում ՀՀԿ-ն չունի դեր, Քոչարյանն իր ազատության համար պարտական չէ ՀՀԿ-ին: Իսկ դա առանցքային է, հաշվի առնելով նաեւ Քոչարյան-ՀՀԿ անցնող տասնամյակի բարդ հարաբերությունները, թեեւ դրանք բարդ են եղել հենց սկզբից եւ ժամանակավորապես հարթվել են միայն այն բանից հետո, երբ նա համաձայնեց հոկտեմբերի 27-ից հետո իշխանության մի մասը կիսել ՀՀԿ հետ, որի առաջնորդները 2000 թվականի մարտի 3-ին Սերժ Սարգսյանին հեռացնելու վերջնագրեր էին ներկայացնում Քոչարյանին:
Քոչարյան-ՀՀԿ հարաբերությունը երբեք չի եղել հարթ, եղել է խիստ պրագմատիկ՝ գործակցություն իշխանության շուրջ: Հետո ՀՀԿ-ն այդ հարցում գործարք կնքեց Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ Սարգսյանն առաջարկեց ավելի լավ պայմաններ՝ բացարձակ իշխանություն:
Իհարկե, Հանրապետականի համար դա այսպես ասած խայծ էր, կամ ինչպես ասում են՝ ագահությունը կործանեց ֆրայերին: Բացարձակ իշխանության գեներացիայով Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին փաստորեն հասցրեց իշխանազրկման, այն դեպքում, երբ Քոչարյանն առաջարկում էր այլ տարբերակ՝ ոչ բացարձակ, բայց ավելի հուսալի իշխանություն:
Ներկայում Հանրապետականը հայտնվել է Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի արանքում: Մեկը արդիականացման ծրագիր է առաջարկում, մյուսը «ծրագրային հարցազրույց»: Բայց երկուսն էլ չունեն իշխանություն, իսկ դա ՀՀԿ համար եղել է կողմնորոշիչ՝ այդօրինակ ընտրության հարցերում:
Հանձնե՞լ Սերժ Սարգսյանին իր արդիականացման ծրագրով, որը կազմվում է Գերմանիայի հայտնի կանցլերներից մեկի՝ Կոնրադ Ադենաուերի անունը կրող հիմնադրամի հետ, թե՞ այդուհանդերձ բավարարվել Ռոբերտ Քոչարյանին զգուշորեն ողջունելով: Ընդ որում հետաքրքիր է, որ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությունից հետո էլ պարզ դարձավ, որ Հայաստան է գալիս Գերմանիայի կանցլեր Մերկելը, որի այցի մասին պայմանավորվել էր դեռեւս Սերժ Սարգսյանը, բայց որը փաստորեն չի չեղարկում այցը Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am