Քաղաքական իշխանությունը, ի դեմս նախագահի, ձեռնամուխ է եղել իր իսկ կառավարության գործունեության մեջ եղած արատների դեմ պայքարելուն: Սա անշուշտ դրվատանքի արժանի երևույթ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին, նշեց ԱԺ պատգամավոր, ՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա, խնդիրը մարդկանց պատժելու մեջ չէ, այլ այն, որ մարդկանց մեջ խախտում անելու գայթակղությունը նվազի: «Սրա նպատակը ոչ միայն չարաշահումների բացահայտումն է, այլ` թե ինչ անենք, որ չկրկնվի», - նշեց ԱԺ պատգամավորը:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ Վերահսկիչ Պալատը նույնիսկ մեկ կասկածի դեպքում, այդ նյութերը պետք է ուղարկի դատախազություն: «Ես կարծում եմ, որ ինչ-որ պրոցես արդեն սկսվել է: Այսպիսի մի խոսք կա. Լավ է ուշ, քան երբեք: - նշեց նա»:՚
«ՔԴՄ» նախագահը չի կիսում ընդդիմադիր գործիչների կողմից առաջ քաշված այն տեսակետը, թե ՎՊ-ի բացահայտումները շոու են: «Սակայն ժամանակը ցույց կտա ես եմ ճիշտ, թե ընդդիմադիրները», - նշեց նա:
Ըստ Խոսրով Հարությունյանի, «ալան-թալան», «չարաշահումներ» և նմանատիպ այլ տերմինները քաղաքական գնահատականներ են, սակայն սրանք պետք է հիմնովին լինեն: «Որևէ քաղաքական բնորոշում պետք է ուղեկցվի իրավական գնահատականով և, եթե դա հիմնավորվի, ապա անշուշտ պետք է դրան հաջորդի կառավարության հրաժարականը», - եզրափակեց Խոսրով Հարությունյանը: