Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով աղմուկ հանած շրջաբերականին, որով կառավարության ստորաբաժանումների աշխատակիցներին ըստ էության արգելվում է հայտնել կառավարության քաղաքական գծին հակասող կարծիք, նաև կարծիք հայտնելուց առաջ տեղեկանալ վերադասի մոտեցումներին և այլն, հայտարարել է, թե որոշ պաշտոնյաների չեն թույլատրի բացահայտ կոռուպցիա քարոզել ասուլիսներով, հարցազրույցներով և այլն:
Շրջաբերականի կապակցությամբ աղմուկ բարձրացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այն, որ ՀՀԿ-ն փորձում է օգտագործել ընդդիմություն երևալու կամ լինելու ամենափոքր առիթներն անգամ՝ զարմանալի չէ: Այդ կուսակցությունն անելու այլ բան չունի, թեև որքան այդպիսի քայլերի է դիմում, այնքան հայտնվում է անհարմար վիճակում:
Բանն այն է, որ կառավարության կազմում իշխանության գծից դուրս կարծիքի բացառման մասին ելույթներով ժամանակին արտահայտվել է անգամ Սերժ Սարգսյանը, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո, երբ Սարգսյանը նշանակվելու էր վարչապետ, կառավարության գործունեության մեջ մտցվեցին սահմանափակումներ հենց նույն խնդրի հետ կապված: Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ դա միանգամայն տրամաբանական է, բնական, քանի որ չի կարող պաշտոնյան լինել կառավարության քաղաքականությանն ընդդիմադիր: Եվ դրա պատճառը, այսպես ասած, դիկտատուրան չէ, այլ պարզ տրամաբանությունը կառավարության գործունեության էֆեկտի առումով: Եթե պաշտոնյան վարվող քաղաքականության կրողը չէ, ինչպե՞ս է նա կատարելու, իրականացնելու այդ քաղաքականությունը՝ դեմ լինելով դրան: Հետևաբար մեծանում է սաբոտաժի ռիսկը, ինչն էլ իր հերթին նշանակում է խնդիրներ ոչ միայն իշխանության, այլև պետության համար:
Ահա թե ինչն է պատճառը, որ անհամարժեք էր թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ կապակցությամբ ընդդիմությունների բարձրացրած աղմուկը, թե՛ ՀՀԿ բարձրացրած աղմուկը այժմ: Սակայն ամենից հետաքրքիրը փաստորեն այն է, որ վարչապետի խոսնակը գործնականում ազդարարում է հենց սաբոտաժի ռիսկի մասին, իհարկե՝ ոչ ուղղակի: Բայց երբ նշվում է, թե որոշ պաշտոնյաներ քարոզում են կոռուպցիա, և իրենք դա թույլ չեն տա, դա այլ բան չէ, քան սաբոտաժի ուրվականի մասին հայտարարություն, որը փորձ է արվում կանխել շրջաբերականի միջոցով: Ընդ որում, նույնը կանխելու մասին մտածում էր նաև Սերժ Սարգսյանը, իհարկե՝ այլ դասավորությամբ: Նա իհարկե ապահովագրվում էր Կարապետյանների սաբոտաժից:
Ո՞ւմ սաբոտաժն է փորձում կանխել Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի՞, Կարապետյանների՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի: Իսկ գուցե բոլորը միասին: Կամ հնարավոր է մեկ այլ՝ չորրորդ մի ուժի, որը ներկայումս ամենահարմար պահն է դիտարկում այդօրինակ քայլերի համար, քանի որ դրանց պատասխանատվությունն ինքնաբերաբար կամ, ինչպես ասում են, ինքնըստինքյան ընկնելու է նախկին իշխանության վերը թվարկված կողմերից կամ թևերից մեկի վրա:
Եվ ավելին՝ թերևս ժամանակն է դիտարկել նաև մեկ այլ տեխնոլոգիայի հնարավորությունը, որի հետ կարող է գործ ունենալ թավշյա հեղափոխությունը: Դա կարող ենք պայմանականորեն ասել «Ռոբերտ Քոչարյանին չսատարելով սատարողների» գործոնը: Դա գուցե թվա փոքր-ինչ ավելի կոնսպիրոլոգիական, սակայն թերևս պետք չէ բացառել, որ Քոչարյանի շուրջ մոբիլիզացվող ուժերը կլինեն, այսպես ասած, «պասիվ» բևեռը, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու, իսկ ահա «չմոբիլիզացվողները» կարող են գործել ինչպես «պարտիզանները»՝ քողարկվելով «պասիվ» բևեռի ակտիվ պատասխանատվության տակ: Առավել ևս, որ նախորդ տասնամյակում Ռոբերտ Քոչարյանը կուտակել էր հենց «պարտիզանական» քաղաքական պայքարի մեծ փորձ և հենց այդ մեթոդն էր դիտարկում իբրև հաջողության գրավական, թեև Սերժ Սարգսյանը այդ փորձերը չեզոքացրեց ավելի մեծ հաջողությամբ:
Այժմ այդ մեթոդաբանությունը երկրորդ նախագահի համար կարող է լինել ավելի նախընտրելի՝ նկատի ունենալով այն, որ հրապարակային դաշտում, ուր նա հայտնվել է ստիպված, նա, մեղմ ասած, զգալիորեն կաշկանդված է մի շարք գործոններով ու հանգամանքներով: Գտնվե՞լ են արդյոք ուժեր, որոնք համաձայնել են «պարտիզանական» մեթոդաբանությանը:
Նյութի աղբյուրը՝ 1in.am