Նեմեցի հետ հանդիպում-քննարկումը տևեց ուղիղ երեք ժամ ու ուղիղ երեք ժամ շատ դինամիկ քննարկում-բանավեճ էր, որին ներկա մի 20 հոգու կեսը, մեր մեջ ասած, չխոսաց էլ, բայց մի 7 հոգի հարցախեղդ էին անում, բայց դե ի պատիվ Նեմեցի պետք ա ասեմ, որ ինքն էլհիմնականում չէր խեղճանում: Միանգամից զգուշացնեմ, որ քննարկվել են ԿՈՆԿՐԵՏ ֆուտբոլին, ազգային հավաքականին և Հայրապետյանի՝ որպես ՀՖՖ նախագահ ունեցած ու կիրառած գործառույթները, ինչպես նաև ֆինանսական խնդիրներ: Փորձեմ հակիրճ ներկայացնել ըստ իս ամենակարևոր հարցերը, որոնք տվել եմ ես կամ այլ մասնակիցներ, և դրանց պատասխանները.
1. Որքանո՞վ եք դուք խառնվում հավաքականի դաշտ դուրս եկող կազմի ընտրության հարցին: Ինչո՞ւ Մովսիսյանին ուշ մտցրեցիք Մալթայի հետ խաղում: Ի՞նչ կոնֆլիկտ կա մարզչի ու Մովսիսյանի միջև:
Հայրապետյանը պնդում էր, որ ինքը, արդեն քանի տարի է, ընդհանրապես չի խառնվել խաղացողների` դաշտ հանել-չհանելու հարցին, և կազմը որոշում է միմիայն Մինասյանը: Որպես օրինակ բերեց նույն Մովսիսյանի օրինակը, ում նա հեռացրած է եղել հավաքականից, որովհետև Յուրան, փոխանակ մասնակցեր մնացածի հետ մարզումներին, գնացել էր, օվկիանոսի ափին հանգստանում էր ու նկարներ էր գցում համացանց, բայց Մինասյանը համոզել է Հայրապետյանին, որ Յուրան զղջացել է իր արարքի համար և խնդրում է շանս տալ, որ ինքն ապացուցի դա, բայց քանի որ նա խաղից առաջ մոտ 20 ժամ անց էր կացրել օդանավերում ու օդանավակայաններում, ապա նրա ֆիզիկական վիճակը թույլ չտվեց, որպեսզի իրեն լավ դրսևորի Մալթայի հետ խաղում, իսկ այ Դանիայի հետ խաղում, ինչպես և Մինասյանն էր կանխագուշակել, նա փայլեց:
Մեկ այլ օրինակ նա բերեց Մանուչարյանի մասով, ով, ըստ Հայարպետյանի, մարզումների ժամանակ հիանալի է իրեն դրսևորում, բայց հենց բանը հասնում է խաղին, նա կոտրվում է ու լրիվ այլ խաղ է ցուցադրում, և դա չեն կարողանում ոչ մի կերպ շտկել, անգամ հոգեբանների ծառայություններից օգտվելով:
Ինչևիցե, ի հեճուկս իր իսկ պնդման, Հայրապետյանը պարբերաբեր պատմում էր ինչ որ էպիզոդներ իր կենսագրության ՀՖՖ նախագահ եղած հատվածից, որոնք ուղղակիորեն հակասում էին թիմի ներքին-խաղային չխառնվելու վերաբերյալ իր պնդմանը:
2. Կա՞ արդյոք լարվածություն հավաքականում՝ խաղացողների միջև, եթե կա, ապա ո՞ւմ մասին է խոսքը, ու ինչո՞վ է պայմանավորված, և ի՞նչ է ձեռնարկվում:
Հայրապետյանը սկզբում ամեն կերպ խուսափում էր կոնկրետ անուններ տալուց, բայց հատկապես վերջում արդեն բաց տեքստով ասաց, որ լարվածություն կա ու կա կոնկրետ 2 խաղացողների նկատմամբ՝ մի քանի այլ խաղացողների կողմից, և այդ 2 խաղացողները Մխիթարյանն ու Մովսիսյանն են, ում, ըստ Հայրապետյանի, համակել է աստղային հիվանդությունը, և մնացածներին վերաբերվում են որպես կարգով ցածր ֆուտբոլիստներ: Հիմա ամեն ինչ արվում է, որ էդ լարվածությունն անցնի, բայց Հենոյի հայտնի հարցազրույցից հետո, որտեղ նա ասել էր, որ որոշ խաղացողներ սրտով չէին խաղում, խիստ վիրավորվել էին այլ խաղացողներ ու ըստ Հայրապետյանի` անգամ կարող է հարց բարձրանալ հավաքականում խաղացող կորցնելու մասին…
Սա, իհարկե, Հայրապետյանի արտահայտած մտքերի համահավաք տեսքն էր, որի բաղկացուցիչ մտքերը հնչում էին առանձին-առանձին այդ 3 ժամերի ընթացքում, և վերջում ես անձամբ հրավիրեցի նրա ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ գուցե Հենոն այդքան էլ թիմային չգործեց, երբ «ներքին կուխնիայի» հարցը լրագրողների առջև արծարծեց, գուցե Յուրան խախտել է կարգապահությունը, գուցե նրանք համարում են, որ իրենք կարգող բարձր են այլ խաղացողներից, բայց կողքից նայելիս տպավորություն է, որ Ֆեդերացիան ու մարզիչը ամեն կերպ փորձում են կոտրել ու պատժել հենց Հենոյին ու Յուրային` միևնույն ժամանակ ոչինչ չանելով մյուս կողմին, մինչդեռ Հենոն էդքան էլ սխալ բան չէր ասել, ու ինքը՝ Հայրապետյանը, խոստովանեց՝ նշելով որոշ խաղացողների անուններ (չեմ ասի ում), որ վատ են խաղացել, բացի դրանից` հավաքականում իրոք կա այդ` խնդի՞ր ասեմ, թե՞ իրողություն, բայց Յուրան ու Հենոն իրոք կարգով բարձր են, քան իրենց թիմակիցներից շատերը, հիմա սաղս էլ կուզեինք, որ բոլորն էլ Յուրայի ու Հենոյի մակարդակի ֆուտբոլ խաղային, բայց եթե դա անհնար է, ապա դեռ չի նշանակում, որ Յուրան ու Հենոն պետք է խաղան, ասենք, նույն Մանուչարյանի կամ Արզումանյանի պես…
Ու եթե իրոք հարցը կանգնի այս կոնֆլիկտի պատճառով խաղացնող հեռացնելուն, ապա թող հաշվի առնեն, որ ի տարբերություն Յուրայի, Հենոյի, Բերեզովսկու, գուցե նաև Օզբիլիսի և Հարոյանի, մնացած ցանկացած անդամի հանգիստ ու անցավ կարելի է փոխարինել ուրիշ խաղացողով:
3. Ինչո՞ւ Մինասյանը չի հեռացվում: Ինչ ա՞յլ մարզիչ կարող է փոխարինել Մինասյանին, ինչո՞ւ օրինակ այդպես էլ չսկսեցին բանակցել Ջորկաևի հետ, երբ վերջինս պատրաստակամություն հայտնեց մարզելու մեր հավաքականը:
Մինասյանը չի հեռացվում, որովհետև, ինչպես Հայրապետյանն է կարծում, նա շատ լավ մարզիչ է, ավելի լավ, քան անգամ Պորտերֆիլդը (էդտեղ իմ աչքերը քյալլիս թռան), բայց ինքը ցմահ չի էդ պաշտոնում, ու իր առջև խնդիր կա դրված՝ վաստակել ուղեգիր դեպի աշխարհի առաջնությունը, որը ձախողելու դեպքում նա, ամենայն հավանականությամբ, կփոխարինվի: Ջորկաևի մասով բոլոր հույսերը կարող ենք կտրել, ինչպես նաև Թումասյանի, որովհետև Նեմեցը հայտարարեց, որ Ջորկաևը բանի պետք չի որպես մարզիչ, որովհետև նման փորձ չունի մարզչական աշխատանքի, իսկ Դենիսին նա կատեգորիկ չի հանդուրժի հավաքականում, որովհետև, ըստ Հայրապետյանի, նա վատ մարդկային որակների տեր է ու հենց այն չարաբաստիկ «սրտով չի խաղում», դեֆինիցիայի տակ է ներառվում:
4. Ինչո՞ւ հավաքականի խաղերը անց չեն կացվում «Հրազդան» մարզադաշտում, որքանո՞վ է դա պայմանավորված Հայրապետյան-Աղաբաբյան հարաբերություններով, ի՞նչ եղավ տոմսերով մարզադաշտ մտնել չկարողացած մարդկանց հարցը:
«Հրազդան» մարզադաշտում չեն խաղում, որովհետև այսօր այն լցնելը գրեթե անհնար է, իսկ կիսադատարկ մարզադաշտում խաղալը կվնասի հավաքականին, և Աղաբաբյանի հետ հարաբերություններն ամենևին կապ չունեն, բայցևայնպես, մյուս տարվանից խաղերը հիմնականում կանցկացվեն հենց «Հրազդանում», իսկ մարզադաշտը մինչ այդ այլևս չի պատկանա Աղաբաբյանին:
Ինչ վերաբերում է տոմսերին, ապա Հայրապետյանը վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր տոմսերը բերել են ֆեդերացիա, ստացել են փոխհատուցում, և եթե դուք ևս եղել եք այդ մարդկանց շարքում, ապա դուք էլ կարող եք նույնն անել:
Ի դեպ, հենց քննարկման ժամանակ հրահանգ տվեց, որ արդեն հաջորդ երկու խաղերի տոմսերի մի մասը հնարավոր լինի գնել օնլայն, ինչպես նաև թողարկվեն աբոնեմենտ տոմսեր:
5. Որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այն տեսակետը, որ «Նեմեցը հավաքականն ու ֆեդերացիան դարձրել է իր անձնական բիզնեսը և հարստացման միջոցը»:
Հայրապետյանն ինձ պատասխանեց, որ այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, ինքը ոչ մի բիզնես էլ չի անում և առաջարկեց, որ ես ցանկացած աուդիտորական կազմակերպություն բերեմ, որը աուդիտ կանցկացնի ՀՖՖ-ում, իսկ ինքը կվճարի այդ աուդիտի ծախսերը, ու եթե պարզվեց, որ ինքը իրոք ոչ մի կոպեկ չի աշխատում, ապա ես պետք է հրապարակավ ներողություն խնդրեմ իրենից:Ճ
6. Ինչո՞ւ հավաքականի կազմում տեսնում ենք այդքան շատ փյունիկցիների, մինչդեռ «Փյունիկն» ընդամենը 4-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի առաջնությունում:
«Դե երևի նրանից, որովհետև «Փյունիկն» իմն է»,-ժպտալով պատասխանեց Հայրապետյանը:
7. Որքանո՞վ է ճիշտ այն լուրը, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի 25 տոկոսը պատկանում է Հայրապետյանին:
Հայրապետյանն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանի` «Մետալուրգ» տեղափոխվելիս ստորագրված պայմանագրի համաձայն, «Փյունիկին» են պատկանում (նայիր վերևի հարցի պատասխպանը. «Փյունիկն» ո՞ւմն է…) հետագա տրանսֆերներից «Մետալուրգին» անցնող գումարի 25 տոկոսը, իսկ «Շախտյորից» «Լիվերպուլ» տրանսֆերի իրավունքի 25 տոկոսը «Մետալուրգինն» է… Այսինքն` «Փյունիկը» կստանա Մխիթարյանի տրանսֆերի ամբողջական գումարի 25 տոկոսի 25 տոկոսը… Մի վայրկյան, բայց եթե «Փյունիկը» Հայրապետյանինն էր, չեղա՞վ, որ ինքն ա ստանում, ու եթե այդպես ա, չեղա՞վ, որ ինքը, ՀՖՖ նախագահ լինելով, այնուամենայնիվ եկամուտներ ունի:
8. Ինչո՞ւ հայաստանյան ակումբների թիվը 14-ից հասավ 8-ի: Ի՞նչ է արվում, որպեսզի ակումբների թիվն ավելանա, ինչո՞ւ չի ներգրավում այլ մեծահարուստների, եթե ֆուտբոլային թիմ պահելը այդպիսի ծախսատար գործ ա (ես առաջարկեցի, որ իր վաղեմի ընկեր Սամվել Ալեքսանյանին հորդորի, որպեսզի վերջինս իր մեծահարուստ կնոջը համոզի, որ մի հատ թիմ էլ իրենք բացեն):
Ակումբների թվի նվազման հարցում Նեմեցը կատեգորիկ հերքեց իր մեղավորությունն ու ասաց, որ ինքը չի խեղում մրցակցային մթնոլորտը, ու շատ էլ որ «Փյունիկն» իրենն է, պարզապես լուրջ մարդիկ չեն ուզում զբաղվել Հայաստանում ֆուտբոլային ակումբ պահելով, այլ հիմնականում դելիտանտներ են, ովքեր ուզում են օգտվել այն առավելություններից, որոնք ընձեռվում են առաջնությունում հանդես եկող թիմերին (մարզաբազաներ, ստադիոններ և այլն) և ֆեդերացիայի դիրքորոշումը հստակ է. եթե ուզում ես ակումբ բացել, պետք է այնպիսի ակումբ բացես, որ մի երեք տարի հետո չգաս, ասես, որ էլ չեմ կարում ակումբ պահել, բացի դրանից` ցանկացած ակումբ, ով հավակնում է առաջնությունում հաստատվել, պետք է հիմնի ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց, ոչ թե «25 հոգի առնի, գա ասի` մենք ակումբ ենք»:
Ինչ վերաբերում է Ալեքսանյանին ու մեծահարուստներին, ապա Նեմեցն ասաց, որ Ալեքսանյանն իրականում ուզում է նման բան անել, բայց ինքը՝ Նեմեցը, չի ուզում, որովհետև ակումբ պետք է հիմնեն մարդիկ, ովքեր ֆուտբոլից գոնե մի քիչ գլուխ հանում են, ոչ թե, մեջբերում եմ, «սկի չգիտեն գնդակը կլո՞ր ա, թե՞ քառակուսի: Կամ էլ գնում են, իրանց մի հատ մարզում խան, թագավոր են հռչակում, իրենց սպորտի մեծագույն ջատագով են երևակայում, հետո էլ գալիս են, նստում են մի տայմ նայում-նայում, հետո հարցնում են` «հիմա ո՞ր մեկն է իմ թիմը»»…
Մի խոսքով, էս միայն մի մասն ա հարցերի, բայց ըստ իս ամենակարևոր հարցերն էին, որոնք հնչեցին, և վերջում հարցերի հարցին դեռ չհնչած պատասխանեց ինքը՝ Նեմեցը.
«Ինձ ասում են` հրաժարական պետք ա տաս, ու բերում են քաղաքական պատճառներ՝ չբերելով ոչ մի պատճառ` կապված ֆուտբոլի հետ: Ես էլ հոգնել եմ, արդեն 50 տարեկան եմ, ու արդեն ինքս եմ ուզում մի կողմ քաշվեմ, որ ամեն պարտությունից հետո չմտնեն սայտերը հայհոյեն, անհիմն բաներ գրեն իմ մասին, բայց ախր ես էսքան արել եմ, ընդունել եմ Ֆեդերացիա, որ ինչ-որ պադվալային տարածք էր վարձակալում ու ուներ 4 միլիոն պարտք, իսկ էսօր միայն շարժական ու անշարժ գույքը, ՀՖՖ-ի ողջ սեփականությունը գնահատվում է մոտ 100 միլիոն, բա չիմանա՞մ` ում եմ թողնում էդքանը: Ես չեմ ասում` ոչ ոք չի կարող ինձ փոխարինել, բայց կրկնում եմ` չիմանա՞մ` ում եմ հանձնում էս ամենը»:
Կոստանդին Տեր-Նակալյան, բլոգեր, Գրառումը՝ ֆեյսբուքից