Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը, կապված Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքի ելույթում հնչած մի քանի մտքերի, այդ թվում Սահմանադրության փոփոխության եւ անցումային արդարադատության, ուղիղ ժողովրդական կառավարման մասին, դարձել է հանրային բուռն քննարկումների առարկա:
Արա Բաբլոյանը հայտնվել է սուր քննադատության թիրախում, որպես «հակահեղափոխության» հերթական խոսնակ: Խորհրդարանի նախագահը մինչդեռ տողատակում անում է պայմանավորվելու առաջարկ:
Հայտարարությունը, թե նախաձեռնում է հանդիպումներ նախագահի, վարչապետի, բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ Օմբուդսմենի հետ, գործնականում պայմանավորվելու առաջարկ է, ոչ թե այլ բան: Արա Բաբլոյանն է նախորդ համակարգից հասկացել, թե ինչ փուլ է մտնում թավշյա հեղափոխությունը եւ ինչ հետեւանք կարող է այն ունենալ նախորդ համակարգի համար՝ անհարկի դիմադրության դեպքում:
Ընդ որում, հատկանշական է, որ առաջարկն անում է Արա Բաբլոյանը, ոչ թե նախորդ իշխանության այլ նշանակալի գործիչ: Արժե թերեւս հայացք գցել Արա Բաբլոյանի կենսագրության վրա, որտեղ կա ուշագրավ հետագիծ: Արա Բաբլոյանը 1991-97 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարար: 1997 թվականից նա այլեւս պետական կառավարման համակարգում չէ: 1997 թվականը հետաքրքիր սահմանագիծ է: Բաբլոյանը պետական համակարգում, իշխանական համակարգում հայտնվում է տասը տարի անց, երբ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ ցուցակով դառնում է պատգամավոր: Այսինքն, Բաբլոյանը հեռանում է Հայաստանի իշխող համակարգի համար անցումային 1997 թվականին, իշխանության վերադառնում դարձյալ անցումային 2007 թվականին:
Այլ կերպ ասած, Արա Բաբլոյանը իշխանությունից դուրս է Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում: Իսկ այժմ Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական իրավիճակի առանցքային գեներատոր է, ընդ որում զգալիորեն նաեւ իր կամքից անկախ, հանգամանքների բերումով:
Ահա այստեղ հատկանշական է, որ իր հայտարարության տողատակում հենց Արա Բաբլոյանն է Նիկոլ Փաշինյանին առաջարկում նստել պայմանավորվածության, այն պարագայում, երբ Փաշինյանը, փաստորեն հենվելով հենց Ռոբերտ Քոչարյանի եւ նրա գեներացրած իրավիճակի վրա` հայտարարում է հեղափոխության կոշտ փուլի անցման մասին:
Թերեւս հենց Ռոբերտ Քոչարյանի համակարգի հետ որեւէ առնչություն, այսպես ասած «ինստիտուցիոնալ հիշողություն» չունեցող գործիչը կարող էր անել առաջարկը, փաստացի Քոչարյանին շրջանցելու առաջարկը, որովհետեւ երկրորդ նախագահի խնդիրն էլ գործնականում դա է, որպեսզի իր հետ պայմանավորվեն՝ այդ թվում նաեւ նախորդ համակարգի փոխարեն:
Նիկոլ Փաշինյանը գործնականում մերժեց Քոչարյանի հետ պայմանավորվելու տարբերակը, Քոչարյանին նախորդ համակարգի «գլխավոր բանակցող» դիտարկելու տարբերակը, ազդարարելով հեղափոխության ավելի արմատական փուլի հնարավորության մասին:
Դրան արձագանքում է Արա Բաբլոյանն իր հետաքրքիր իշխանական կենսագրությամբ: Բաբլոյանը գործնականում առաջարկում է վարչապետին Քոչարյանի համար չգնալ առճակատման ամբողջ ճակատով եւ հարվածի տակ չառնել նախորդ համակարգում այն շերտերին կամ խմբերին, որոնք երկրորդ նախագահինը չեն:
Երբ Արա Բաբլոյանը նշանակվում էր ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի այդ նշանակումը հարուցել էր շատերի տարակուսանքը, նկատի ունենալով, որ Բաբլոյանը ըստ էության քաղաքական գործիչ չէ՝ ինչ դեր է նա ունենալու խորհրդարանական կառավարման մոդելում: Արա Բաբլոյանը սակայն դեր է ստանձնում կամ առնվազն կարող է ստանձնել այլ իրավիճակում, հեղափոխական մոդելում, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանն ընդունի նրա առաջարկը: Դա էլ թերեւս կախված կլինի նրանից, թե նախորդ համակարգի ինչպիսի ծավալով շրջանակի համար պատասխանատվություն կստանձնի ԱԺ նախագահը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am