Դատարանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին, ում կալանավորել էին օլիմպիական կոմիտեի շենքում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով:

Գործն իհարկե շարունակում է կախված լինել թիկնազորի պետի գլխին, փոխվել է խափանման միջոցը, սակայն այդ փոփոխությունը հետաքրքիր է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունների ֆոնին:

Այդ իրավիճակը բերել է բավական հստակ երկու բեւեռների ձեւավորման՝ Նիկոլ Փաշինյան եւ Ռոբերտ Քոչարյանը: Խաղից որոշակի դուրս էր մնացել Գագիկ Ծառուկյանը: Մինչդեռ հենց նա էր դիտարկվում հնարավոր կամ հավանական երկրորդի դերում, երբ իրավիճակը կմտներ որոշակի կայուն փուլ: Սակայն Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն զգալիորեն փոխեց իրավիճակը, իհարկե ոչ միայն Ծառուկյանի համար:

Պարզապես Ծառուկյանի համար այն զգալի էր ավելի, քանի որ ավելի էր նրա քաղաքական հավակնությունը: Ռոբերտ Քոչարյանին աջակցելը շահեկան չէ՝ Ծառուկյանին չափից մեծ ջանք է պետք եղել այսպես ասած ժողովրդական համոզիչ կերպար կերտելու համար, եւ միանգամից այն ջուրը գցելը կլիներ շատ անխոհեմ: Մյուս կողմից, Քոչարյանի առկայության պարագայում, եթե առավել եւս նրա շուրջ ձեւավորվում է որեւէ բեւեռ, Ծառուկյանի համար շատ բարդ է լինում նոր իշխանության նույնիսկ այլընտրանք ներկայանալը, էլ չասած ընդդիմություն լինելու մասին:

Այստեղ իհարկե կարող է լինել նաեւ դիտարկումը հակառակ կողմից: Եթե դիմակայությունը հնարավորինս կենտրոնանա Փաշինյան-Քոչարյան տիրույթում, ապա Ծառուկյանը կարող է պարզապես համբերատար սպասել իր ժամին ու ներկայանալ որպես երրորդ ուժ, որը դիմակայության եւ անցումային արդարադատության փոխարեն կխոստանա «անցումային միլիարդներ»՝ 50+1-ի դեպքում: Երաշխիք չէ, որ կստանա, սակայն այստեղ շատ բան կախված կլինի նոր կառավարության տնտեսական էֆեկտիվությունից, ու եթե այն լինի առավելապես վիճակագրության մակարդակում, իսկ գործնականում զգալի չլինի հասարակության վրա, ապա հավանականությունը մեծ է, որ Ծառուկյանը վերջապես կկարողանա «այլընտրանքի» կարգավիճակում լինել էֆեկտիվ, ինչը փորձում է արդեն մեկ տասնամյակ:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ համակարգի «ստեղծագործություն» է, ինչը նշանակում է, որ նա չի կարող զերծ լինել խոցելիությունից:

Գագիկ Ծառուկյանն իր այսպես ասած նախորդ քաղաքական կյանքի ընթացքում թերեւս պետք է յուրացրած լինի առանցքային դասը՝ դա աշխարհքաղաքական համարժեքության խնդիրն է: Ծառուկյանը Սերժ Սարգսյանին պարտվել է այդտեղ: Կամ, ավելի շուտ, Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարտվեցին հենց այդ ասպեկտում, երբ ոչիշխանական բեւեռի առաջնորդ դիտարկեցին Գագիկ Ծառուկյանին:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ոչիշխանական բեւեռը ցրեց այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը վճռական գրոհի աջակցության համար մեկնել էր Մոսկվա, իսկ հետո այնտեղ էր մեկնել նաեւ ոչիշխանական բեւեռի «համանախագահ» Հովիկ Աբրահամյանը:

Սերժ Սարգսյանը փոխվել է, Հայաստանում իրավիճակը փոխվել է, սակայն անփոփոխ է այդ առումով աշխարհքաղաքական տրամաբանությունը, եւ նույն գետը երկրորդ անգամ մտնելը գործնականում կարող է լինել ճակատագրական վրիպում: Գագիկ Ծառուկյանը խոշոր հաշվով կատարել է իր գործառույթը, ներկայում նրա խնդիրը ոչ թե հեղափոխությունը «ժառանգելը» կամ հեղափոխության վրիպումին սպասելն է, այլ անցումային փուլում հեղափոխության անվտանգության բուֆեր լինելը, ինչպես անվտանգության բուֆեր էր նախկին համակարգի համար:

Այդ իմաստով, Ծառուկյանի համար գործնականում չի փոխվել ոչինչ, եւ դա արդեն իսկ ձեռքբերում է, նկատի ունենալով այն, որ նա խոշոր հաշվով նախկին համակարգի առանցքային սեգմենտ էր: Ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո առաջին շաբաթներին ՀՀԿ-ն գործնականում հենց դա էր մատնացույց անում, թե արդար չէ, որ նախկին համակարգից հեռանում են միայն իրենք, իսկ ԲՀԿ-ն մնում է:

Իսկ դա անշուշտ բախտի կամ նախախնամության հարց չէ, այլ ֆունկցիոնալ առաքելության, որի խախտումը գործնականում անխուսափելի է դարձնում այն, ինչ եղավ 2015-ի փետրվարին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am