Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան, որ տեղի է ունենում ռեգիոնալ այցի շրջանակում, անշուշտ կարևորագույն իրադարձություն է Հայաստանի պատմության համար: Հայաստան է ժամանելու Եվրամիության առաջատար պետության, Մեծ յոթյակի անդամ պետության առաջնորդը:
Միևնույն ժամանակ Մերկելի այցը, իհարկե, պլանավորված լինելով, այսպես ասած, դեռևս հին Հայաստանի ժամանակաշրջանում, այդուհանդերձ խորհրդանշականորեն տեղի է ունենում նոր Հայաստանում: Եվ այս տեսանկյունից, իհարկե, Գերմանիայի Դաշնության կանցլերի հայաստանյան այցը որքան աջակցող, ոգևորող, շոյող է, նույնքան էլ ըստ էության պարտավորեցնող:
Խնդիրը անշուշտ նրան դիմավորելու պատշաճության մասին չէ, որ վստահ ենք՝ կլինի բարձր մակարդակով: Խնդիրը այն օրակարգի մասին է, որ այստեղ պետք է սպասի Գերմանիայի կանցլերին: Նա իհարկե ունի իր օրակարգը, և այդ իմաստով կասկածից վեր է, որ Անգելա Մերկելի ռեգիոնալ այցում գերակայելու է հենց այն օրակարգը, որով նա է գալիս: Բայց մյուս կողմից՝ դա ամենևին չի նշանակում, որ նա փակ է լինելու որևէ նոր բովանդակության առաջ, որևէ այլ բովանդակության առաջ: Առավել ևս, որ կա նաև հենց նրա օրակարգին համարժեք լինելու խնդիրը:
Եվ այս ամենի իմաստով անկասկած է, որ Գերմանիայի Դաշնության կանցլերի՝ Հայաստան կատարելիք այցը ըստ էության քննություն է նոր Հայաստանի համար, աշխարհաքաղաքական համարժեքության կարևոր քննություն: Իհարկե, այս բառի ամենևին ոչ ճակատագրական իմաստով, որ այն հանձնելու դեպքում Հայաստանը դուրս է մնալու, կամ որ Մերկելը հարցեր պետք է տա, իսկ Երևանում պետք է հնչեն պատասխաններ ու դրվեն գնահատականներ: Ի վերջո, Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների սպեկտրը բավականին լայն է, լայն պետք է լինի, և այդ իմաստով, իհարկե, խնդիրը պետք է դիտարկել շարունակության, ոչ թե սկզբի և վերջի համատեքստում:
Միևնույն ժամանակ թերևս բոլորն են հասկանում այս դեպքում քննություն բառի պատկերավոր իմաստը: Այստեղ, իհարկե, առանձնահատուկ նշանակություն է ստանում այն, թե Գերմանիայի կանցլերի Հայաստան այցի ընթացքում քննարկումներում ինչ դերակատարում է ունենալու Ռուսաստանը՝ ուղղակի՞, թե՞ անուղղակի:
Այս իմաստով, սակայն, գուցե Հայաստանի համար շահեկան է, որ ռեգիոնալ այցից, այդ թվում՝ Հայաստան այցից առաջ Գերմանիայի կանցլերը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինի հետ: Դա տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 18-ին, Բեռլինի մերձակայքում: Այդ հանդիպման արձագանքները տարբեր են: Ինչ են կարողացել պայմանավորվել Մերկելն ու Պուտինը՝ խոշոր հաշվով ամբողջապես պարզ չէ, կամ պայմանավորվե՞լ են որևէ բան ընդհանրապես, թե՞ ոչ: Նրանց հարցերի շարքում, իհարկե, Կովկաս կամ Հայաստան չի եղել:
Մյուս կողմից՝ Գերմանիայի կանցլերի ռեգիոնալ այցը վկայում է, որ Բեռլինը ցանկանում է բարձրացնել իր դերը Կովկասում: Սա էլ իր հերթին նշանակում է շահերի հատում Ռուսաստանի հետ, որը զգայուն է կովկասյան հարցերում:
Այդ տեսանկյունից, իհարկե, Հայաստանը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Այն, որ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել Մերկել-Պուտին հանդիպում, դրական է այն իմաստով, որ դա կարող է նպաստել Գերմանիայի կանցլերի՝ Հայաստան այցը տարատեսակ մանիպուլյացիաներից զերծ պահելուն: Մանիպուլյացիաներ ռուսական ուղղությամբ, որ անպայմանորեն կլինեն՝ հաշվի առնելով այդօրինակ հարցերում շահառուների հոծ բանակը, որը ինտենսիվ աշխատում է Պուտինի մեջ հայկական նոր իշխանության հանդեպ անվստահություն առաջացնելու ուղղությամբ: Մերկել-Պուտին շաբաթվա վաղեմության հանդիպումը, պետք է հուսալ՝ գոնե Մերկելի հայաստանյան այցի մասով, հանել է այդ խնդիրը, կանխավ չեզոքացրել այն:
Մյուս կողմից՝ իհարկե, հարց է ծագում, թե արդյո՞ք դրանով հանդերձ նաև չի բովանդակազրկել և Հայաստան այցը վերածել զուտ արարողակարգի: Սրա պատասխանը, իհարկե՝ թեկուզ մասնակիորեն, բայց կտա Գերմանիայի կանցլերի այցը: Ի դեպ, դրա ավելի լայն համատեքստում էլ ուշագրավ է, որ օգոստոսի 25-ին, երբ Գերմանիայի կանցլերը Հայաստանից կմեկնի Ադրբեջան, Եվրոպայում կհանդիպեն Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական, բազեական Ջոն Բոլթոնն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Պատրուշևը:
Նյութի աղբուրը՝ 1in.am