Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տրամադրված է բարեփոխել թուրքական լիրան, սակայն դա, ի դժբախտություն Էրդողանի, դժվար թե օգուտ տա: Այս մասին ասվում է Foreign Policy-ում տպագրված Կոլումբիայի համալսարանի միջազգային գործերի ամսագրի խմբագիր Էսթեր Օուենսի հոդվածում:

Նա նշում է, որ օգոստոսի 12-ին թուրքական լիրայի ռեկորդային անկումից հետո «թուրքական լիրայի պատիվը փրկելու» մասին Էրդողանի կոչը հավանաբար փորձ էր ժամանակ շահելու եւ Թուրքիայի դրամական խնդիրները լուծելու համար: Ցավոք, դա դժվար թե արդյունք ունենա, քանի որ նա, հավանաբար, ստիպված կլինի ավելի մեծ բարեփոխումներ ձեռնարկել, որոնք էլ ավելի կխորացնեն խառնաշփոթը:


Էրդողանը, Օուենսի կարծիքով, կարող է հույսեր փայփայել արժույթից 2-3 հատ 0-ներ հանելով հիանալի արդյունքի հասնել, սակայն արժութային բարեփոխման արդյունքները միշտ չէ, որ դրական են, հատկապես, երբ պարզ չէ, թե որքան կարող է Էրդողանը ազգայնական հայտարարություններով հակազդել խորը կառուցվածքային խնդիրներին եւ ԱՄՆ-ի կողմից հավանական նոր պատժամիջոցներին:

Այս անգամ արդյունքի հասնելու համար` Էրդողանը կարող է դրամավարկային քաղաքականության որոշ քայլեր իրականացնել. նա կարող է կենտրոնական բանկից պահանջել իջեցնել ռեզերվային նորմի շեմը, որը կօգնի մեծացնել տնտեսության մեջ դրամի շրջանառությունը, թեեւ դա նաեւ կարող է սրել գնաճը, իսկ գներն առանց այդ էլ բարձր են եւ շարունակ աճում են: Օտար արժույթի առք ու վաճառքը սահմանափակելով` Էրդողանը կարող է ուժեղացնել իր հայրենասիրական հռետորաբանության ազդեցությունը, սակայն շուկան կարող է ավելի անկայուն դառնալ:

Հեղինակը նշում է Թուրքիայի եւ Քաթարի միջեւ կնքված արժութային սվոփի պայմանագրի մասին, որով Թուրքիան փորձում է բարձրացնել ներդրողների վստահությունը, սակայն միեւնույն ժամանակ կենտրոնական բանկից տոկոսադրույքն իջեցնելու մասին Էրդողանի պահանջը հակառակ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ կենտրոնական բանկը պետք է գործի քաղաքականությունից անկախ, որպեսզի ներդրողները վստահ լինեն, որ նրա որոշումները հիմնված են հստակ տնտեսական սկզբունքների վրա:

Էրդողանի` ազգայնական զգացմունքների վրա հիմնվելու մյուս օրինակը լիրայի արժեզրկման մեջ ԱՄՆ-ին, iPhone-ներին եւ կեղծ լրատվությանը մեղադրելն է: Նրա կուսակցությունը բոյկոտում է ամերիկյան որոշ արտադրանքներ, ինչպես օրինակ Estee Lauder, Cheetos, Febreze ապրանքատեսակները, ինչպես նաեւ ամերիկյան արտադրության մեքենաների վրա 120 տոկոս հարկի նշանակելը: Սակայն Օուենսը նշում է, որ այս ցուցակը մանրամասն հաշվարկների արդյունք չէ, այլ ճամփորդելիս տեսած բրենդների հավաքածու: Ինչ վերաբերում է Apple-ին, նրա կարծիքով, Էրդողանի արգելքն ավելի շատ կապ ունի Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետ, քան ԱՄՆ-ին վնասելու, հատկապես երբ Apple-ի ապրանքներն արտադրվում են Չինաստանում:

Հեղինակը գրում է, որ լիրայի արժեզրկման մեջ Էրդողանը կարող է միայն ինքն իրեն մեղադրել. տարիներ շարունակ կենտրոնական բանկին ինքնավարությունից զրկելով` նա փորձել է հանրությանը տրամադրել չար տոկոսադրույքների դեմ: Սակայն մարդիկ, սպառելով իրենց խնայողությունները դժվար թե երկար նրան լսեն: