Կուսակցություններն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար գրանցման փաստաթղթերը: Այսօր օգոստոսի 29-ն է, և ըստ ԿԸՀ որոշման՝ լրանում է ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցությունների ու դաշինքների գրացնման վերջնաժամկետը:
Բացի Ռեֆորմիստների կուսակցությունից, մյուսները մինչև այսօր ԿԸՀ գրանցման թղթեր չէին ներկայացրել: Վերջնաժամկետը այսօր ժամը 18:00-ն է, և կուսակցությունները հերթով ժամանում են ԿԸՀ: Արդեն գրանցման փաստաթղթեր ներկայացրեցին Ժառանգություն կուսակցությունն ու Լույս դաշինքը:
Ժառանգություն կուսակցության ցուցակը ղեկավարում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ժառանգության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ասաց, որ իրենց շանսերը կարող են գնահատել միայն քաղաքացիները:
«Ես միայն կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների դատին եմ ներկայացնելու ոչ միայն մեր ծրագիրը, որը զարգացման ծրագիր է, այլ առաջին հերթին Ժառանգություն կուսակցության անցած ուղին: Ժառանգությունն այն փոքրաթիվ կուսկացություններից է, որը երբեք չտրվեց իշխանությունների գայթակղություններին, և մենք մշտապես եղանք քաղաքացու և պետության շահի կողքին»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ընտրություններին գնում են «Ժպտա» կարգախոսով: Ժառանգություն կուսակցության ցուցակում 49 մարդ է ընդգրկված, ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:
Երևանի ավագանու Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողներին ասաց, որ Լույս դաշինքի ցուցակը գլխավորում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Երկրորդ տեղում Դավիթ Խաժակյանն է, երրորդ տեղում՝ Անի Խաչատրյանը: Նա հավելեց, որ իրենց ցուցակում ընդգրկված են տարբեր մասնագետներ, մրցունակ ցուցակ ունեն: