Օգոստոսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երեւանում հայտնաբերեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ եւ սկսել գործունեություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ին Քեվին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեղադրանքներով:


Միջազգային հետախուզում հայտարարելուց հետո՝ հաջորդ օրն իսկ, նա ոստիկանության տեսադաշտում էր, եւ ոստիկանության պետի անմիջական հսկողությամբ ձեռնարկվեցին ծավալուն, անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Օքսուզը թուրքամերիկացիների եւ եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի եւ ամերիկացիների միջեւ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան:

2013 թվականին Օքսուզը այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղեւորության դեպի Ադրբեջան եւ Թուրքիա:

ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղեւորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձեւաթղթեր, ինչը կհավաստի ուղեւորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաեւ պետք է նշվի վճարումների աղբյուրը եւ փաստացի ծախսերը:

Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձեւաթղթեր, որոնք կեղծել է, եւ նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել:

Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար եւ ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունից:

Պարզվել է նաեւ, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ եւ աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ:

Քեմալ Օքսուզը իր գործունեությունից ներկայացրեց նաեւ որոշ մանրամասներ:

Քեմալ Օքսուզը ձերբակալված է: