Հանրային ակտիվ շրջանակներում, համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին համար, քաղաքապետի փաստացի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը, կապված սեւ եւ սպիտակ ուժերի ու «մեր դեմ խաղ չլինելու» հետ:
Մարությանը ավելի ուշ ներկայացրել է պարզաբանում, որ նկատի չուներ հանրությանը սեւ ու սպիտակի բաժանելուն, այլ ուզում էր ասել, թե խաղ չկա հենց հասարակության, ժողովրդի դեմ, եւ ովքեր ուզում են դարձյալ բռնանալ նրա ազատության ու արժանապատվության վրա, չեն հաջողի:
Հազիվ թե Մարությանի պարզաբանումը մեղմի աղմուկը: Արդյոք խնդիրն առաջացել է նրա քաղաքական գործիչ չլինելու պատճառով: Դա կարող է լինել առերեւույթ տպավորություն, որովհետեւ, ինչպիսին էլ լինի, թե չլինի գործիչը, նրա շուրջ պետք է լինի համապատասխան թիմ, որը պետք է մանրակրկիտ քննարկի ու պատրաստի որեւէ թեկնածուի հանրային ելույթները:
Ի դեպ, տեղի ունեցածն ուշագրավ է նաեւ այդ իմաստով, նկատի ունենալով այն, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակով Երեւանի քաղաքապետի թեկնածու լինելու հավակնություն ունեցել են նաեւ այլ գործիչներ, եւ Հայկ Մարությանի ընտրությունը հարված է եղել նրանց: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ՔՊ դեպքում ինչպիսի՞ թիմ է աշխատում եւ ինչպես է աշխատում՝ թեկնածուի շուրջ, ինչ մթնոլորտ ու տրամադրություն է նրա շուրջ ներսում եւ արդյոք չկա հենց ներսում նրա հրապարակային քաղաքական պայքարի անփորձությունից օգտվելու միտում:
Դա իհարկե որեւէ կերպ չի կարող արդարացնել այն պարզունակ սխալը, որ թույլ է տվել Մարությանն ինքը, հայտնվելով ընդհանրապես վերջին օրերի մթնոլորտային ծուղակում:
Իսկ այդ ծուղակը լարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, լարեց ամենեւին ոչ հատուկ Մարությանի համար, բայց փաստորեն Մարությանը հայտնվեց դրանում առաջինը, կամ առաջիններից մեկը՝ նկատելիորեն:
Բանն այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն մուտքը փաստացի ձեւավորեց «սեւ-սպիտակ» իրավիճակ, կամ ավելի շուտ նպաստեց քաղաքականության այդ պատկերացումների խորացմանն ու սրացմանը, քանի որ Հայաստանի հանրության շրջանում կա «սեւ-սպիտակի» ընկալման տարիներով ձեւավորված հակում: Դրան հավասարապես նպաստել են թե իշխանությունը, թե ընդդիմությունը՝ իշխանությունից ոչ պակաս, իսկ գուցե ավելի:
«Սեւ-սպիտակը» դիտարկվել է իշխանության նկատմամբ հաղթանակի գրավական, իրականում սակայն բերելով ընդդիմության պարտությունների: Ընդ որում, այդ պարագայում իշխանությունը դեմ չի եղել խաղալ սեւով, միայն թե դիմացն ունենար միայն մեկ գույնով խաղացող, քանի որ այդպես ավելի հեշտ է եւ կանխատեսելի: Այլ կերպ ասած, իշխող համակարգը տարիներ շարունակ գույնի ընտրությունը թողել է ընդդիմությանը, իրեն վերապահելով խաղի կանոնների ընտրությունը:
Եվ դա չի բխել իշխանական դիրքից, այլ բնույթից: Բնույթն է ենթադրել այդ տրամաբանությունը:
Թավշյա հեղափոխության հաջողության հարցում շոշափելի, հիմնարար դերակատարություն է ունեցել այն, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացը դուրս է բերել սեւ-սպիտակի տրամաբանությունից եւ դրել հանրության համար մասնակցային, ստեղծագործական տրամաբանության մեջ: Ներկայում խնդիրն է արդեն իշխանության կարգավիճակում այդ տրամաբանությունը պահելը, դրա նահանջ թույլ չտալը:
Ու պատահական չէ, որ նախորդ համակարգի շահերի հիմնական սպասարկողի հավակնություն ներկայացրած Ռոբերտ Քոչարյանը փորձում է հրապարակային քաղաքական գործոնի կարգավիճակում իրավիճակը վերադարձնել «սեւ-սպիտակի» տրամաբանության, բայց այնպես, որ դա անի հենց հակառակ բնույթի հավակնող կողմը:
Խնդիրն այն է, որ այդ դեպքում արդեն խաղից դուրս է մնում հանրության մի շոշափելի հատված, իսկ դա որպես կանոն գործում է այն գույնի օգտին, որը նախընտրում է խաղալ առավելապես ստվերային գործարքների, կոռուպցիոն մեխանիզմների, շահարկումների, երեսպաշտության դաշտում:
Այդ իմաստով խորհրդանշական է, որ Մարությանի աղմուկ հանած հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ հայտնի դարձավ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով հեռանում է «ակտիվ քաղաքականությունից»՝ նրա գրասենյակը հայտարարել էր, որ նա մի քանի օրով լքում է Հայաստանը եւ մինչ վերադարձը դադարեցնում է քաղաքական ակտիվ հանդիպումներն ու շփումները:
Ռոբերտ Քոչարյանը կատարեց առաջին քայլն ու սպասում է էֆեկտին, եւ էֆեկտը նրա համար այն չէ, թե ովքեր են հերթ կանգնելու իր դռանը: Էֆեկտն այն կլինի, թե նոր բնույթի իշխանությունը որքան արագ է կուլ տալու «սեւ-սպիտակի» խայծը: Այդ իմաստով Հայկ Մարությանի հայտարարությունը թե նրա, թե իհարկե ավելի լայն գործընթացի համար որեւէ ճակատագրական հանգամանք կամ ողբերգություն չէ, վախճանաբանական տրամադրությունների գեներացման առիթ չէ, բայց ահազանգ է, որ պահանջում է ուշադրություն եւ ոչ միայն իրավիճակային, այլ նաեւ ռազմավարական հետեւություն:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am