ՀՀԿ-ն է բացառապես որոշում, որ հարցին ինչպես պետք է քվեարկի: Այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չի կարող չգնալ ԱԺ-ն լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու քայլին, քանի որ այլեւս ՀՀԿ-ն չի թելադրում օրակարգը:
«ՀՀԿ-ն է բացառապես որոշում, որ հարցին ինչպես պետք է քվեարկի: Դա բացառապես մեր որոշելիքն է: Այլ քաղաքական ուժերի մեր գործընկերներին կխնդրեի զբաղվել իրենց գործով:
Իսկ ՀՀԿ-ի մասով ասեմ՝ մենք ունենք մեր օրակարգը եւ այսուհետեւ եւս շարժվելու ենք բացառապես մեր օրակարգով եւ կքվեարկենք այնպես ինչպես ճիշտ համարենք ՝ մեր պետության շահերից ելնելով»,- ընդգծեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է սահմանադրական փոփոխություններ անցկացնել, որի արդյունքում հնարավոր կլինի առանց վարչապետի հրաժարականի հասնել ԱԺ լուծարման եւ արտահերթ ընտրությունների անցկացման:
Այս առնչությամբ, Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ Փաշինյանի ցանկությունը՝ սահմանադրական փոփոխությամբ ինքնալուծարել ԱԺ-ն ճիշտ չի համարում եւ իրենք չեն պատրաստվում ինքնալուծարվել: Սրան ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր հերթին նշել էր, որ ՀՀԿ-ականները չեն կարող չգնալ այդ քայլին, ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի, եւ ավելացրել է, որ օրակարգը այլեւս ՀՀԿ-ն չի թելադրում: