Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշ տվյալների հրապարակումն արգելելն ընդամենը պաշտպանիչ շղարշ է՝ թաքցնելու բոլոր ոչ իրավաչափ գործողությունները:

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հարցին, թե Քոչարյանի մասնակցությամբ արդյոք առերեսումներ եղել են, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Եղե՞լ են քննչական գործողություններ, կամ առգրավումներ, նախաքննական գաղտնիք է համարվում: Բայց կուզեմ արձանագրել, որ մենք դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որ թույլ տան հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն կարող խոչընդոտել նախաքննությանը, մեր բոլոր միջնորդությունները, սակայն, մերժվել են:


Դրան հակառակ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հատվածաբար ինֆորմացիա տալ: Օրինակ, երբ Սասուն Խաչատրյանին հարցնում են, թե Ռոբերտ Քոչարյանի տանն ու գրասենյակում կատարված խուզարկությամբ ինչ է հայտնաբերվել, նա ասում է, որ նպատակահարմար չեն գտնում դրան պատասխանել եւ այդպես շարունակ տարբեր հարցերի վերաբերյալ: Կարծում ենք՝ ՀՔԾ-ի համար սա պաշտպանիչ շղարշ է՝ թաքցնելու համար այն բոլոր ոչ իրավաչափ գործողությունները, որոնք կատարվել են մինչեւ այժմ: Խոսքը վերաբերում է խուզարկություններին եւ այլ դատավարական գործողություններին»: