Հանրային շրջանակներում տարակուսանք է առաջացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հայտարարությունը, թե Քոչարյանը որեւէ հրաման չի տվել Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հատուկ գործողություն իրականացրած ոստիկանությանը: Այդ օրը լուսադեմին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում տասը օր խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիներին, ինչը փաստացի դրեց մարտի 1-ի ողբերգական օրվա սկիզբ:
ՀՔԾ-ն օրերս հայտարարեց, որ հարուցել է այդ դրվագով քրեական գործ, որը փաստորեն երրորդն է Մարտի 1-ի առիթով՝ սպանության գործը, 0038 հրամանի՝ բանակի ներգրավման գործը, եւ լուսադեմի գործը:
Բոլոր երեք գործերով էլ Ռոբերտ Քոչարյանը չոր մերժում է դրսեւորել, թե ունեցել է որեւէ առնչություն եւ տվել է որեւէ հրաման: Նա ասել է, որ տեղյակ չէ, թե ովքեր են սպանել մարդկանց, թե տեղյակ չէ 0038 հրամանից, եւ հիմա, թե որեւէ հրաման չի տվել ոստիկանությանը:
Երբ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց ՀՔԾ հարցաքննության եւ հայտնի էր, որ ներկայանալու է հուլիսի 26-ին, հարցերից մեկն այն էր, որի մասին խոսել էի նաեւ հոդվածներից մեկում, թե արդյոք Քոչարյանը գալու է եւ «միակտղամարդավարի» իր վրա է վերցնելու այդ օրերին իշխանության գործողության ամբողջ պատասխանատվությունը, թե՞ փորձելու է պատասխանատվությունը դնել զանազան այլ պաշտոնյաների վրա, այսպես ասած ցրել այն:
Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ընտրեց երկրորդ տարբերակը՝ պատասխանատվությունը ցրելը: Իհարկե դա էլ պաշտպանական հասկանալի մարտավարություն է, եւ եթե նա իրավացի չէ, ապա դա պետք է հստակ փաստերով ապացուցիչ ՀՔԾ-ն:
Սակայն այստեղ կա իհարկե խնդրի քաղաքական ասպեկտը: Գուցե կա բարոյական էլ, սակայն դա Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների հարաբերության խնդիրն է: Ի վերջո, պարզ չէ նաեւ, թե այդ հարաբերությունն ինչպիսի ամբողջական կառուցվածք է ունեցել եւ կոնկրետ օրվա գործողություններում ինչպիսի քննարկումներ են եղել, ինչպես են կայացվել որոշումները, Քոչարյանը գործել է միանձնյա եւ միայնա՞կ, թե՞ դրանք դրվել են քվեարկության: Ի վերջո, նաեւ նրա ենթակաների խնդիրն է՝ կրել Քոչարյանի դրա պատասխանատվությունը, թե՞ ոչ: Օրինակ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը կարող է շատ հանգիստ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը տեղյակ չէ եւ Քոչարյանն է տվել մարտի 1-ի լուսադեմին հրապարակը ազատելու հրաման, որն էլ կատարել են:
Կասի՞ Հարությունյանը, թե՞ ոչ, դա նրա գործն է, ու թերեւս նաեւ քննիչների:
Քաղաքական իմաստով այստեղ հետաքրքիր է մեկ այլ ասպեկտ, որը պայմանական հնարավոր է անվանել 4 ժամանոց հերթի ասպեկտը:
Օրեր առաջ մամուլում եղավ տեղեկություն, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի դիմաց 4 ժամանոց հերթ է, տարբեր կարգի մարդիկ եկել են եւ ցանկանում են գործակցել նրա հետ: Կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են նրա հետ գործակցելու պատրաստակամության մասին, թեեւ շատ զգուշորեն:
Ռոբերտ Քոչարյանի ներկայիս պահվածքը՝ քննության մասով, որոշակի պատասխան է հերթ կանգնածներին: Նրանք պետք է գիտենան, որ երկրորդ նախագահին պետք են այն բանի համար, որ հետագայում որեւէ բան չստացվելու դեպքում նրանց վրա մնա պատասխանատվությունը:
Այդ իմաստով, Մարտի 1-ի գործում երկրորդ նախագահի պահվածքը միայն ինքնապաշտպանական չէ՝ այդ առումով լիովին հասկանալի տրամաբանությամբ: Նրա պահվածքը իրականում «քաղաքական ոճ» է, որ նա դրսեւորեց հետնախագահական ամբողջ տասնամյակում, երբ կռիվ էր անում Սերժ Սարգսյանի հետ ու փորձում կիսատ թողնել նրա նախագահությունը, իշխանությունը վերադարձնելով իրեն:
Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ չուներ իրավական ինքնապաշտպանության մարտավարության խնդիր, բայց նա դարձյալ որեւէ բանի համար չստանձնեց ուղիղ պատասխանատվություն եւ փորձեց իր քաղաքական գործոնի պատասխանատվությունն իրացնել տարբեր սուբյեկտների միջոցով: Իրավիճակի ամենախոսուն վկայությունն էլ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունն էր, թե քաղաքականություն վերադարձողը վերադառնում է՝ չի սպասում հանգամանքների:
Ներկայում Քոչարյանը վերադարձել է, սակայն ոչ թե Արմեն Ռուստամյանի խոսքերից դաս քաղելով, այլ պարզապես ստիպված, որովհետեւ անհնար է դարձել ստվերում գործելը, քանի որ դա հնարավոր էր ստվերային համակարգի համընդհանուր առկայության պարագայում: Իսկ դա այլեւս չկա եւ երկրորդ նախագահին մնացել է դուրս գալ բաց դաշտ, որտեղ նա հայտնվել է իսկապես հակասական վիճակում: Մի կողմից նրա դիրքավորման հիմքը պետք է լինի նրա ուժը, մյուս կողմից նա հիմա քննության առիթով հայտարարում է, թե կապ չի ունեցել ոչնչի հետ, փաստորեն անուղղակի, բայց բավական հստակ պայման դնելով 4 ժամանոց հերթում կանգնածների համար՝ «սպասեք հերթի, եթե պատրաստ եք հետագա որեւէ իրավիճակում ձեզ վրա վերցնել իմ որեւէ քայլի պատասխանատվությունը»:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am