Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ 2:1 հաշվով տնային հաղթանակը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանն ամենավերջինը հեռացավ ստադիոնից, քանի որ դոպինգ ստուգում էր անցնում խաղից հետո:
«Գոլ խփելուց հետո, երեւի, կորցրինք կենտրոնացվածությունը եւ գոլ բաց թողեցինք: Մինչեւ մեր գոլ խփելը բարդ էր, սակայն փորձում էինք գտնել մրցակցի դարպասի բանալին: Կարելի է ասել՝ այսօր իմ օրը չէր: Բաց թողեցի շատ հնարավորություններ, բայց ֆուտբոլ է, եւ ամեն ինչ էլ պատահում է: Կարեւորը, որ հաղթեցինք եւ վաստակեցինք 3 միավոր:
Մարզիչը գտել էր, որ ամենաճիշտ մարտավարությունը դա էր եւ խաղում էինք այդ տակտիկական սխեմայով: Ինչ-որ բան ստացվեց, ինչ-որ բան՝ ոչ: Երեւի, խաղի ամենաբարդ հատվածը չիրացրածս 11 մետրանոցից հետո էր: Կարծում եմ, որ եթե իրացնեի 11 մետրանոցը, ամեն բան ավելի հեշտ կլիներ, բայց սա ֆուտբոլ է: Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Պարզապես այսօր իմ օրը չէր, եւ երեւի բախտս չբերեց:
Մակեդոնիա ենք գնում հաղթանակի հետեւից: Եթե կա մի մարդ, որը Մակեդոնիա չի գնում հաղթանակի համար, ապա ավելի լավ է չգնա: Եթե դուք գալիս եք ստադիոն՝ տեսնելու, թե ինչպես է պարտվում հավաքականը, ավելի լավ է ընդհանրապես չգաք: Ճի՞շտ եմ:
Խաղից հետո դոպինգ ստուգում անցա, այդ պատճառով ուշացումով եմ դուրս գալիս ստադիոնից:
Մեզ համար բոլոր խաղերը բարդ են եւ չկան հեշտ խաղեր: Տեսաք, որ Լիխտենշտեյնի դեմ դժվար խաղ ստացվեց: Հիմա բոլորը գիտեն՝ ինչպես խաղալ, պաշտպանվել ու հարձակվել: Մակեդոնիայի դեմ բարդ խաղ է սպասվում եւ պետք է պատրաստվենք 100 տոկոսով: Իսկ թե ինչ փոփոխություն է պետք հավաքականին, այս մասին պետք է հարցնեք մարզիչին:
Վարդան Մինասյանի վերադարձից հետո միայն դրական փոփոխություններ են տեղի ունեցել հավաքականում: Ինչ եղել է մինչեւ նրա նախորդ աշխատանքը հավաքականում եւ հիմա նույն փիլիսոփայությունը մնացել է: Կարելի է ասել, որ նա ավելի շատ փորձ է ձեռք բերել ու ավելի մանրակրկիտ է սկսել հասկանալ ֆուտբոլը եւ ավելի շատ բան տալ խաղացողներին:
Ընդմիջմանը թիմակիցներին մոտիվացնելու կարիք չկար, քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ այս խաղը պետք է հաղթել: Եթե պետք է սպասեն, թե երբ է Հենոն իրենց մոտիվացնելու, կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ խաղադաշտ դուրս գալ: Ամեն մարդ պետք է հասկանա եւ ինքն իրեն մոտիվացնի, գտնի իր խաղը, առաջ տանի թիմին եւ լավ արդյունք գրանցի: Միշտ տղաներին ասում եմ, որ պետք է գլուխներս բարձր խաղանք մինչեւ վերջ»,- ասաց Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը 69-րդ րոպեին 1:1 հաշվի ժամանակ չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Դա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր 2018 թվականին ու Վարդան Մինասյանի վերադարձից հետո: Սեպտեմբերի 9-ին հայկական թիմն Ազգերի լիգայի երկրորդ տուրում Սկոպյեում կխաղա Մակեդոնիայի հավաքականի հետ: