«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չգիտի, թե ում է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, բայց այսօր գնացել, խորհրդարանում, քուչեքում, ռեստորաններում բանակցում հանրապետականների հետ, սակայն իր համար տարակուսելի է, որ այդ հարցը տալիս են իրեն կամ Արամ Սարգսյանին:

«Որեւէ կերպ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ կապ չունի մեզ հետ այդ հայտարարությունը եւ չէր կարող ունենալ: Վերջին անգամ երեկ երեկոյան եմ եղել ռոեստորանում պարոն Փաշինյանի հետ՝ Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում»,-ասաց նա:


Հարցին, թե Հայաստանում հակահեղափոխական ուժեր տեսնո՞ւմ է, Մարուքյանը պատասխանեց. «Հակահեղափոխական ուժ ասելով հասկացել եմ այն ուժերին, որոնք նախկին ռեժիմն էին կազմում, այսինքն ՀՀԿ-ն, որին գումարվել է Ռոբերտ Քոչարյանը: Այս ընտրություններին իրենք չեն մասնակցում: Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որ հստակ որոշում ենք ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին: Մենք եկել ենք այս շենք ու մերժել ենք»:

Մարուքյանը նկատեց, որ նաեւ իրենց ելույթներից հետո է փողոցում մարդկանց թիվն ավելացել. «Դրանից հետո մինչ օրս անմնացորդ պաշտպանում ենք Փաշինյանի կառավարությանն ու վարչապետին: Հետեւաբար ապշած եմ, որ այդ հարցը մեզ եք տալիս»:

Նա ընդգծեց, որ Փաշինյանի ելույթը քարոզչական էր. «Քանի որ մենք միասին բազմաթիվ անգամ քարոզչություն ենք իրականացրել, գիտեմ, զգում եմ՝ ինչի մասին է խոսքը»:

Մարուքյանի խոսքով, եթե անգամ կան մարդիկ, որոնք փորձում են կուլիսներում դեմ դուրս գալ իշխանությանը, նրանք իրենց մոտ չեն արտահայտվում, քանի որ գիտեն, որ իրենք անվերապահ պաշտպանում են կառավարությանը. «Ինձ մոտ չեն գալիս ու կիսվում, թե ինչպես անել հակահեղափոխություն: Եթե ես իմանամ դրա մասին, կլինեմ դրա առաջին խանգարողը»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՀԿ-ն պաշտպանում է «Լույս» դաշինքին, Մարուքյանը հերքեց դրանք՝ ասելով. «Դա մեր դեմ սանձազերծված սեւ PR-ի արդյունք է: Դուք մեր շտաբներում չեք գտնի հանրապետականների:

Հեղափոխության ժամանակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, պարզ է չէ՞, որ այդ մարդկանց մի մասը նախորդ ընտրություններում ձայն չեն տվել ընդիմությանը: Այդ մարդիկ փոխվել են: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 70 տոկոս ձայն են ստանալու: Այդ անձանց մեջ կարո՞ղ են լինել մարդիկ, որոնք նախորդ ընտրություններում ՀՀԿ-ին են ձայն տվել»:

Մարուքյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարի, որ պաշտպանում է որեւէ ուժի, դա կլինի այդ ուժի դեմ սեւ PR եւ դավադրություն, հետեւաբար որեւէ ուժ չի ակնկալում, որ ՀՀԿ-ն իրենց կպաշտպանի:

«Հիմա ինձ հայտնի չէ հակահեղափոխական որեւէ պրոցես»,-ընդգծեց նա:

Ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀԿ–ի հետ քուչեքում բանակցող» ասելով