Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալից» կտեղափոխվի Միլանի «Ինտեր», հաղորդում է Sport Mediaset-ը:
33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հնարավորություն ստանալ խաղալ Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ:
Այս ամռանը «Ինտերն» արդեն փորձել է իրականացնել Մոդրիչի տրանսֆերը, սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը դժգոհ է եղել, որ բանակցություններն ընթացել են իտալական ակումբի եւ ֆուտբոլիստի միջեւ:
Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 10 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: