«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի13-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԽԽՎ–ում հայաստանյան իրավիճակի առաջիկա մոնիտորինգին։
«Ես թափանցիկության կողմնակից եմ, թող գա ԵԽԽՎ–ն, թող մոնիտորինգ իրականացնի, թող պարզի։ Ես ստուգումների կողմնակից եմ, ես երբեք այն տեսակետին չեմ եղել, որ պետք է ամեն գնով հաղթել։ Ամեն գնով պետք է պարզել ճշմարտությունը, եթե մյուս կողմը ճիշտ կլինի, ներողություն կխնդրես, եթե դու ես ճիշտ, քո ճիշտը փորձի ԵԽԽՎ–ի առաջ էլ, ՄԱԿ–ի առաջ էլ, հայ քաղաքացու առաջ էլ ապացուցես»,–նշել է Արամ Սարգսյանը։
Պատգամավորը խոսել է նաեւ Փաշինյանի բռնապետ լինելու մասին Ալիեւի հայտարարության եւ դրա հետ զուգահեռներ անցկացվող Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին՝ նշելով, որ Քոչարյանը՝ որպես եզրային ընդդիմադիր փորձում է այլ մոտեցումներ ունեցող մարդկանց իր շուրջը համախմբել. «Ընդդիմադիր կերպարի մեջ մտած անձը պետք է փորձի դիվիդենտներ շահել՝ եզրային ընդդիմադիր լինելով, կոշտ ընդդիմադիր լինելով, ծայրահեղ ընդդիմադիր լինելով, որ կարողանա այլ մոտեցումներ ունեցող մարդկանց իր շուրջը համախմբել, հետեւաբար նման մոտեցումները բնական եմ համարում, ժամանակին ես էլ այդպիսի բաներ արել եմ»։
Հիշեցնենք՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։
Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»: