Փարիզում ֆրանսահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա:

«Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: