Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները մարտական պատրաստության ստուգման նպատակով ուսումնական ահազանգով ոտքի են հանվել, հայտարարել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆեւը:

«Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի զինծառայողները մարտական պատրաստության ստուգման նպատակով ուսումնական ահազանգով ոտքի են հանվել», — նշել է նա:


Ըստ մամուլի ծառայության, ռուսական ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումներն ու զորամասերը ստուգման են ենթարկվել: Աստաֆեւը նշել է, որ ռազմաբազայի հրամանատարությունը պետք է գործնականում մշակի կառավարման շարժական կետերից զորքերի ղեկավարման կազմակերպման խնդիրները:

«Հարավային ռազմական շրջանի համալիր հանձնաժողովը կգնահատի հետախուզա-հարվածային գործունեության խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաեւ կառավարման շարժական կետերի քողարկումն ու պաշտպանության ապահովումը», -նշել է նա:

Մամուլի ծառայության ղեկավարը հավելել է, որ միավորումների անձնակազմը համակցված միջոցներով երթեր կանցկացնի Ալագյազ եւ Կամխուտ փորձադաշտերում: Նա հստակեցրել է, որ ստորաբաժանումները երթի ժամանակ կմշակեն բազմակողմ ապահովման հարցերը: