Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանի հետ զրուցել ենք Կիպրոսի օֆշորային գոտում հաշիվ բացելու հետ կապված խնդիրների, ինչպես նաև Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի մասին,-այս մասին գրում է Lragir.am-ը:

 

Տիկին Գույումճյան, վերջերս բացահայտվեց, որ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը: Առհասարակ ինչպե՞ս կարելի է օֆշորում հաշվի բացել:

Այստեղ՝ Կիպրոսում, հաշիվ բացելը ներկայում շատ է դժվարացել անգամ կիպրոսցիների համար: Թե հաշվեհամարից դրամ հանելն է դժվարացել մեզ՝ կիպրոսցիներիս համար, և թե նոր հաշիվ բացելը: Վիճակն ահավոր վատ է:

Վարչապետի և արքեպիսկոպոս Կճոյանի՝ օֆշորում բաժնետերեր լինելու մասին կարդացի ու բան չհասկացա՝ արդյոք իրապես գումարներ ունեն Կիպրոսում, թե՞ ոչ: Չեմ իմանում, բայց չեմ էլ զարմանա: Հիմա դժբախտաբար նույնիսկ եկեղեցին և հոգևորականները շատ ավելի դրամի հետևն են, քան հոգևոր արժեքների: Եթե նման գումարներ կան, խիստ խորհրդապահական են պահվում, հետևաբար քաղաքացին չի կարող իմանալ այդ մասին: Բոլոր իշխանավորներից կարելի է նման բան սպասել, քանզի նրանց համար նյութական արժեքներն են գերակա, քան այլ արժեքներ, ինչպես օրինակ ազգային-բարոյական-մշակութային արժեքները:

Արդյոք հնարավոր է Կիպրոսի օֆշորում գումար բացել ուրիշ անձանց փոխարեն, որքանո՞վ է սա տրամաբանական:

Հայաստանի Հանրապետությունից ներս այնքան մեծ է անջրպետը պարզ քաղաքացու և իշխանության միջև... Առաջինն ապրում է իր ապրուստով մտահոգ մի կյանք, իսկ մյուսները կարծեք հետամուտ են կեղեքելու ժողովրդին ու հայրենիքը հանուն իրենց շահերի և գերշահույթների ապահովման: Ես այս կարծիքին եմ, քանի որ հետևում եմ լրատվամիջոցների տեղեկատվությանը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր է Կիպրոսի մեջ նման առևտրական գործառնություններ իրականացնել,  իրականում օրենքով պետք է արգելված լինեն նման բաները, բայց հիմա շատերն են  գտնում ձևեր՝ օրենքը շրջանցելու համար:

 

Փաստացի վարչապետի անվան տակ ինչ-որ մեկն այդքան մեծ գումարներով ընկերություն չէ՞ր կարող գրանցել:

Հենց նոր մի տնտեսագետի հետ էի խոսում, որն ասում է, թե նման բան անհնար է որ լինի: Հետևաբար, սա կամ թյուրիմացություն է, կամ էլ բացահայտ սուտ:

 

Ընկերություն գրանցելը որքա՞ն ժամանակ է պահանջում, արդյոք դա երկարատեւ գործընթաց է:

Որքան գիտեմ, ընկերություն գրանցելը երկար գործընթաց է՝ օրինական բարդ գործողություններով: Տարիներ առաջ ես այդ փորձառությունն ունեցա, և գիտեմ, որ դյուրին և արագ կատարվող գործողություն չէ: Ընկերություն գրանցելը ենթադրում է օրինական երկար գործընթաց՝ փաստաբանների մասնակցությամբ: Բացի այդ, հիմա նման առևտրական գործառնություններն ավելի են խստացած օրինականորեն:

 

Կիպրոսում ճգնաժամը ո՞ր փուլում է, արդյոք դրական տեղաշարժեր նկատվում են:

Կարծում եմ՝ ճգնաժամն ավելի ու ավելի պիտի խորանա, և ճգնաժամի անդրադարձը  Կիպրոսի ժողովրդի կյանքի վրա իրեն ավելի նկատել կտա: Ամեն անգամ, որ Եվրոպայի կետրոնական բանկի պատկան քննիչ մարմինը՝ Տրոյկան, Կիպրոս է այցելում ֆինանսական վիճակը վերահսկելու համար, ավելի խիստ միջոցներ է կիրառում: Շուտով, եթե չեմ սխալվում՝ հուլիս ամսին, այդ մարմինը պիտի գա քննելու Կիպրոսի կացությունը: Դեռ չենք իմանում՝ ինչ անակնկալների առջև պիտի հայտնվենք՝ նոր հարկեր, թանկացումներ... Կանխատեսումներ կան, որ 2014-ին շատ ավելի վատ պիտի լինի ճգնաժամի հետ կապված: Օր-օրի գործազուրկների թիվն ավելանում է, աշխատավարձերը՝ նվազում, վաճառատներ են փակվում: Ոչ ոք երբևէ  չէր կարող պատկերացնել, որ Կիպրոսը կարող էր այս վիճակի մեջ հայտնվել:

 

 

Կիպրոսին որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ վերականգնել իր նախկին վիճակը:

 Շատ երկար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ Կիպրոսը կարող է ոտքի կանգնել: Անշուշտ, կան իր ընդերքին մեջ հայտնաբերված գազի պաշարներ, որոնք ճիշտ շահագործելու պարագայում կարող են դրական գործոն լինել ճգնաժամի հաղթահարման համար: Բայց այդ պաշարների վրա «աչք տնկողներ» վստահաբար շատ կան: Ժամանակը ցույց կտա, թե երկիրը ինչ ուղղությամբ պիտի զարգանա... Պետք է կարևորությամբ ընդգծել նաև իր ժողովրդի կամքը՝ հարատևելու, մաքառելու, տքնելու, որպեսզի երկիրը դուրս գա այս վիճակից:

 

Արդյոք Կիպրոսի իշխանություններն անո՞ւմ են բավարար քայլեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: 

Որքան որ ես եմ տեսնում, մինչև հիմա մեկը մյուսին է ամբաստանում տիրող իրավիճակին համար: Օրինակ՝ ներկա կառավարությունը պատասխանատվությունն ուզում է գցել նախորդ կառավարության վրա և այսպես շարունակ: Դեռ ես չեմ նկատում, որ Կիպրոսի իշխանություններն էական քայլեր են անում երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Իմ կարծիքով, կառավարման ճգնաժամ է, խոսքս հմուտ, արհեստավարժ, իսկապես ժողովրդավար կառավարման մասին է:

Կարծես մեծ անհատականությունների, ազգային-մարդկային բարձր տեսլականով օժտված կառավարիչների ժամանակները վաղուց անցել են: Ներկա քաղաքակրթությունը կարծես սպառել է ինքնիրեն, և կա բարոյական-հոգևոր նոր արժեհամակարգի պահանջ, որը կգա փոխարինելու ներկա «արժեքների» համակարգին, որ ամբողջովին հիմնված է շահամոլության, ընչաքաղցության և երեսպաշտության վրա: