Ավագանու այս ընտրությունները մյուսներից տարբերվելու են նրանով, որ արտահայտելու են ժողովրդի կամքը: Այս մասին ընտրատեղամաս մտնելիս ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբերից մեկում երեկ տեղի ունեցած միջադեպին եւ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ-ն կարող է գաղտնալսել ու պարզել՝ ովքեր են այն մարդիկ, որ զանգահարում են, Վանեցյանն ասաց. «Հավատացած եղեք, եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք՝ մենք դա կանենք առանց մի րոպե մտածելու և հապաղելու: Հավաստիացնում եմ՝ կապ չունի դա կլինի այս կամ այն թեկնածուն, թե քաղաքական ուժի կողնակիցները, եթե կլինի մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, միանշանակ կկրի պատիժ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված այն տեղեկություններին, թե Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, Վանեցյանն ասաց, որ ինքն այդ առիթով ուղղակի կժպտա. «Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի եւ որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որեւէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»,-արձագանքեց ԱԱԾ տնօրենը: