Նախկին վարչակարգի հենասյուները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հատկապես Երեւանի ավագանու ընտրությունից հետո հայտարարում են, թե դեմ են արտահերթ ընտրություններին: Համակարգի մյուս կուսակցության՝ ՀՅԴ ղեկավարությունն իր դերի մեջ է՝ կառավարությունից փորձելով երաշխիքներ ստանալ, որ կհայտնվի նոր խորհրդարանում:

Միեւնույն ժամանակ, այս կուսակցությունները փորձում են ամեն կերպ նսեմացնել Երեւանի ավագանու ընտրությունն ու արդյունքները, անհեթեթ թվաբանությամբ ու դեմագոգիայով: Հնարավոր է նրանից է, որ չեն հասկացել ինչ է կատարվել, բայց առավել հավանական է, որ հրաշալի հասկացել են, այլապես չէին տրվի այդ փաստաբանությանը:

Իրականության մեջ, ընտրություն դասական պատկերացումներով իսկապես չի եղել, առավել եւս համայնքի իշխանության ընտրություն: Եղել է այլ ընտրություն՝ նորի ու հնի միջեւ, փաստացի հանրաքվե, եւ հանրությունը մերժել է հին համակարգը՝ իր ցուցանակ-կուսակցություններով:

Իրավիճակը գուցե ենթագիտակցորեն, բայց փայլուն բնութագրել է հենց ԲՀԿ-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խոսելով ընտրության արդյունքների մասին. «Եղել է ժողովրդի իշխանությունը 80 տոկոս և ԲՀԿ–ն 7 տոկոս»:

Սա է իրականությունը՝ կա ժողովուրդ եւ կան քաղաքական ուժեր, որոնց համար հանրության քվեն տասնամյակներ շարունակ եղել է առեւտրի առարկա իշխանության հետ անմաքուր գործարքներում: Իրականություն, որը պարզապես ամրագրվել է Երեւանի ավագանու ընտրությամբ: Այս ֆոնին, արտահերթ ընտրությունների նպատակահարմարությունը կասկածի տակ դնելը նշանակում է պարզապես անհամարժեքություն ներկա իրավիճակին, ինչն իր հերթին նշանակում է, որ խորհրդարանի ընտրությանը համակարգը չի ստանա անգամ այդ 7 տոկոսը:

Դատելով այդ ուժերի անհեթեթ հռետորաբանությունից ու փաստարկներից, ըստ ամենայնի այդպես էլ լինելու է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am