Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-ից 27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ից 28-ը կայանալիք ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում է նաև Վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:
Այսօր՝ հունիսի 24-ին, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ԵԽԽՎ նստաշրջանում ուղերձով հանդես կգա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կպատասխանի նաև ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: