Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգոսյանն ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ:
Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։ Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների եւ կուսակցությունների, ինչպես նաեւ ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները եւ շնորհավորեցին հաղթած ուժին։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ եւ ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը:
Մաղթում եմ Երեւանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման եւ նրա բնակիչների բարեկեցության աճի»: