Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է բազմադարյա պատմության ընթացքում: Այս մասին ասված է Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, եւ առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:
Ընտանիքներում մեծ դերակատարում ունի տան տարեցը՝ տան կայունության պահապանը: Իսկ տարեցների համար լիարժեք եւ արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ առողջության պահպանում, մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածության խթանում, մարդկային շփումներ, հասարակական ակտիվություն: Այս հիմնահարցերի լուծման ռազմավարական մոտեցումների ամրագրման նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս իրականացնում է ծրագրեր, որոնք դեռեւս բարելավելու կարիք ունեն:
Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր եւ հոգեւոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է բազմադարյա պատմության ընթացքում, եւ մեր պետության շահերից է բխում հնարավորություն ստեղծել լավագույնս իրացնելու այդ կենսափորձը:
Հետեւապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը եւ նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:
Սիրելի ավագ ընկերներ, նախարարության անձնակազմի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ»: