Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունենում Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Փաստաբան Սիրունյանը սկզբում ներկայացրեց միջնորդություն, որ ազատ արձակեն Սեդրակյանին: Դատախազը առարկում է, ասելով որ Սիրունյանը ծաղկաքաղ է արել և ներկայացրել է միայն այն, ինչ իրենց է ձեռնտու:
Վարդան Սեդրակյանն իր ճառում ասաց, որ կդիմի Եվրադատարան, եթե չազատեն իրեն: Սակայն Հայաստանի անունը Եվրոպայի աչքում չգցելու համար չի գնա այդ քայլին, եթե նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխարինեն խափանման այլ միջոցով: Նա նաև խոստացավ, որ կմասնակցի բոլոր դատական նիստերին:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Բաղդասարյանը չառարկեց Սիրունյանի միջնորդությանը: Չառարկեց նաև Հայրիկյանը, ասելով, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալանքին և միջնորդություն է ներկայացրել նաև մյուս երկու ամբաստանյալներին ազատելու համար:
Այժմ դատարանը գնաց խորհրդատվական սենյակ, որպեսզի որոշում կայացնի Սեդրակյանի խափանմանը միջոցը փոխելու ուղղությամբ: