Օրվա ամփոփում. Վարչապետ Փաշինյանը քաղաքական իրավիճակի կառավարման մաստեր կլաս ցույց տվեց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չհասկացան էլ, թե ինչպես իրենց ձեռքով ԱԺ ընտրութունները մտցրեցին խորհրդարանի բակ:
Այն արդեն թակում է ԱԺ դուռը: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ուղղակի փողոցում պաշտոններից ազատելը այնպիսի մի անուն ունի, որը կանանց ու աղջիկների ներկայության պատճառով այստեղ չեմ տա: Դա այդ կուսակցությունների համար ինքնաոչնչացում էր: Բայց այդքանով մաստեր կլաս տեխնոլոգիան չավարտվեց:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ծառուկյան դաշինիքի ու ՀՅԴ-ի հետ իր հանդիպումներից ինքը տպավորություն ունի, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ու եթե ինքը սխալ է հասկացել, ապա թող նրանք հերքեն կամ հաստատեն դա: Հրապարակային դատաստանից հետո ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երկու ճանապարհ ունեն. կամ հայտարարում են, որ Նիկոլը ճիշտ է հասկացել, իմա՝ Սերժ Սարգսյանի հանգույն հայտարարեն, որ Նիկոլը ճիշտ է, ըստ այդմ անուղղակի հայտարարեն, որ իրենք սխալ էին ու հասնում էր հրապարակային նվաստացումը, կամ հայտարարեն, որ իրենք սև են ու թեկնածու են առաջադրելու ժողովրդի դեմ, այսինքն ստանձնեն հակահեղափոխության դրոշը:
Նիկոլ Փաշինյանն արդեն ապահովագրել է, որ հնարավոր է սխալ հասկացած լինի, ու այդ ուժերը պետք է խոսեն, թե ինչ են անելու: Փաշինյանին երկու տարբերակն էլ ձեռնտու է. եթե նրանք թեկնածու չեն առաջադրում, ՀՀԿ-ն միայնակ մնում է ժողովրդի ճնշման տակ, վարչապետի ընտրությունը երկու չէ, երեք նիստ կտապալվի: Եթե միանում են ՀՀԿ-ին, դաշտը կատաստրոֆիկ մաքրվում է ու այդ կուսակցությունները ժողովրդական նզովքի տակ լքում են քաղաքականությունը:
Այսօր զրոյացան անգամ նրանց հեղինակության չնչին տոկոսները, ու նրանք արդեն բառացիորեն խարխափում են լուսանցքի այս ու այն կողմերի միջև: Փաշինյանը նաև հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը խաղալու է ժողովրդի կողմից, հետևաբար նա մասն է դառնում հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացի: Ոստիկանությանը, ՊՊԾ-ին, ԱԱԾ-ին, զինվորներին ծափերը նշանակում էին՝ ուժայինները ժողովրդի հետ են: Իսկ Փաշինյանի հռչակած ճանապարհային քարտեզի մասին խոսելն ավելորդ է:
Առաջ դեպի խորհրդարանական ընտրություններ:
Կեցցե Արփինե Հովհաննիսյանը: Ինքն էլ չհասկացավ, թե իրենով ի՞նչ արեցին.....