Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են  քաղաքացիների ընդունելությունները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին, ընդգծել է, որ ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները տեսնում են արագ և օպերատիվ լուծումներ իրենց կողմից բարձրացվող հարցերին.
<<Մեր քաղաքացիների շրջանում դրական արձագանքն ակնհայտ է: Զգացվում է նաև բնակչության վստահությունը վարչական շրջանների և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ: Սա բնակիչների հետ հետադարձ կապն ամրապնդելու կարևոր քայլ էր: Մենք պետք է շարունակենք աշխատանքն այն առավել արդյունավետ դարձնելու համար>>,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ :Երևանի քաղաքապետանաի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  mասնավորապես, <<Կասկադ>> համալիրին հարակից երթևեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:
Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում ևս օրինակը կիրառելու և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: