Լրագրողի հարցին՝ փոփոխություն կա՞ ԲՀԿ դիրքորոշման մեջ, քանի որ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը արտահերթ ընտրությունները է պահանջում դեկտեմբերին, ուրեմն կլինի դեկտեմբերին, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ, որեւէ փոփոխություն չկա, կարծում եմ, պարոն Ծառուկյանը նկատի ուներ, որ կառավարությունը չպետք է շեղվի իր իսկ սահմանած խաղի կանոններից։ Կառավարության ծրագրում հստակ գրված էր, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում, մեկ տարին լրանում է հունիսի 1–ին»։
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին ասել է, որ Ծառուկյանի հայտարարությունը չի նշանակում, որ իրենք նահանջում են իրենց նախկին դիրքորոշումից:
ԲՀԿ-ն հստակ դեմ էր արտահայտվում դեկտեմբերին արտահերթ ընտրությանը եւ միացել էր «եռյակ դավադրությանը», քվեարկելով նաեւ այդ հնարավորությունը վերացնող օրինագծի օգտին: Հետո Ծառուկյանը հայտարարում է, որ կողմ է դեկտեմբերին ընտրությանը, իսկ Միքայել Մելքումյանն ասում է, որ ոչ մի նահանջ իրենց դիրքորոշումից չկա:
Այս ամենն արդեն զավեշտ է դառնում, սակայն ԲՀԿ-ի դեպքում դա սովորական բան է: Այս կուսակցությունը երբեւէ որեւէ կարեւոր հարցում չի ունեցել եւ չունի դիրքորոշում: Իսկ քաղաքականության ասպարեզում գործունեությունը նման է պարտիզանության՝ կախված կոնյունկտուրայից, ԲՀԿ-ի «բաժնետերերի» պահի շահերից ու Գագիկ Ծառուկյանի անձնական խնդիրներից:
Իսկ Ծառուկյանն ունի անձնական խնդիրներ, եւ դա երեւաց նրա հարցազրույցից: Նա փորձում էր ցույց տալ, որ իր անվան խմբակցության աղմկահարույց քվեարկությունից ինքը տեղյակ չի եղել, եւ Երեւան վերադառնալուն պես հայտարարեց, թե կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելուն:
Հիմա նրա պատգամավորները նորից հայտարարում են, որ պետք է ընտրությունները լինեն գարնանը: Բայց այս դեպքում գործ ունենք քիչ ինչ այլ իրավիճակի հետ:
Սա նշանակում է, որ կամ ԲՀԿ-ն հեռացրել է Ծառուկյանին, այն իմաստով, որ նա չի տիրապետում իրավիճակին, կամ էլ կուսակցությունը կատարում է արտաքին պատվեր: Չի բացառվում նաեւ, որ գործ ունենք երկու դեպքի հետ էլ: Ի վերջո, նախկին վարչակարգի օրոք կուսակցությունները եւ մասնավորապես ԲՀԿ-ն եղել են ընդամենը քաղաքական ցուցանակներ քաղաքական ու տնտեսական քվոտաների անօրինական բաշխման համար:
ԲՀԿ-ի փաստարկները, թե եթե իրենք չմիանային հեղափոխությանը եւ ԱԺ-ում իրենց ձայները չտային Նիկոլ Փաշինյանին, ոչինչ չէր ստացվի, պարզապես զավեշտ են: Ավելին, եթե իրենց ձայները չտային Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ հեղափոխությունը կհաղթեր միանգամից, եւ հատկապես ԲՀԿ-ն իր կաշվի վրա կզգար այն, ինչի հազարերորդ մասն անգամ չզգաց Երեւանի ավագանու ընտրությանը:
Չի բացառվում իհարկե, որ ԲՀԿ-ն ու «հեղափոխությանը միացած» նրա մեկ այլ գործընկերը՝ ՀՅԴ-ն, շատ են ուզում, որ հեղափոխությունը հաղթի արդեն «դասական կանոններով»:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am