«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձը: Ըստ այդմ, պատվիրատուն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանն է` Ալրաղացի Լյովիկը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հատկանշական է, որ Լ. Սարգսյանը մշտապես գործել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, նույնիսկ իր որդու անունը Սերժ է դրել՝ ի նշան հավատարմության: Եվ այս մահափորձից հետո նա աննկատ հեռացավ քաղաքական ասպարեզից, բայց պահպանեց անձեռնմխելիությունը:
Դեռ 2017թ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Լ. Սարգսյանը հեռացել է ՀՀ-ից, բնակվում է Մոսկվայում` ընկերներից մեկի բնակարանում: Իսկ հեռացել է մեծ պարտքեր կուտակելու պատճառով. նա նախկին իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել և «ընկել վարկի տակ», սնանկացել: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լ. Սարգսյանն այսօր Երևանում ունի մեկ սեփական բնակարան և վերջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: