Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն անդրադարձել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հոկտեմբերի 11-ի տարածած հայտարարությանը՝ ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: ԱԱԾ-ն հարվածել է ուղիղ նշանակետին․ երեկվա տեսագրությունն իրականում պատմություն է Քոչարյանի կոռուպցիոն գործունեության մասին, որն իրականացվել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի միջոցով, որը հայտնի է նրանով, որ տարբեր ծառայություններ է մատուցել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ հաճախ մուծվելով նրանց աշխարհիկ հաճույքների համար։
Սակայն վերադառնանք բուն թեմային։
Քոչարյանի գրասենյակը պնդում է, որ Քոչարյանի դեմ կոռուպցիոն գործ են «սարքում»՝ «սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար»։ Պաշտոնաթող նախագահի գրասենյակի այս պնդման մեջ երկու ակնհայտ կեղծիք կա։
Մարտի 1-ի գործով առկա են Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը հիմնավորող բազմաթիվ ծանրակշիռ փաստեր ու այդ համատեքստում խոսք անգամ չի կարող լինել իմունիտետի բացառիկ ինստիտուտի մասին։ Եթե Վերաքննիչ դատարանը կայացրել է ապօրինի դատավճիռ, դա դեռ չի նշանակում, որ Քոչարյանը կարող է խուսափել կալանավորվելուց, ապա նաև դատապարտվելուց, ընդ որում՝ այնպիսի ժամկետով, որ կյանքի մնացած մասն անցկացնի ճաղերի հետևում։
Սակայն եթե Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղսակցությունը հաստատվում է, դա չի նշանակում, որ պատկան մարմինները չպետք է մերկացնեն նրա կոռուպցիոն գործունեությունը։ Քոչարյանի վրա ոչ թե գործ է «սարքվում», այլ իրավապահ մարմինները նույնիսկ չգիտեն, թե պաշտոնաթող նախագահի թալանի, որ դրվագից սկսեն իրենց քննությունը։
Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում․ պնդում է նրա գրասենյակը՝ փորձելով հերքել Ռոբերտ Քոչարյանի կապը Մոնումենտի այգում կառուցված «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ։ Քոչարյանն ու նրա գրասենյակը ցինիկաբար խեղաթյուրում են փաստերը։ Քոչարյանը 2000-ին անձամբ է զբաղվել «Գոլդեն Փելես»-ի լոբբինգով, երբ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանն ու գլխավոր դատախազ Բորիս Նազարյանն ընդդիմացել են դրա շինարարությանը։ Վազգեն Սարգսյանի շրջապատի այս գործիչները մինչև վերջ վիճարկել են հյուրանոցի շինարարության օրինականությունը, ինչի պատճառով դարձել են երկրորդ նախագահի հետապնդումների թիրախը, ի վերջո՝ «Գոլդեն Փելես»-ն է դարձել Բազեյանի ու Նազարյանի պաշտոնանկությունների առանցքային պատճառներից մեկը։ Քոչարյանն այնպիսի ջանասիրությամբ է զբաղվել այս հյուրանոցի լոբբինգով, որ կասկած չկա՝ այն կամ իրականում պատկանում է նրան, կամ էլ՝ դրա դիմաց նրան կոնկրետ «մուծվել» են։
Երկրորդ նախագահի գրասենյակը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների, այդ թվում՝ Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե լինելով նախագահի պաշտոնում, թե, առավել ևս, պաշտոնավարումից հետո։ Դարձյալ գործ ունենք բացարձակապես սուտ պնդման հետ։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դոսյեներ են ունեցել իրենց բոլոր ենթակաների ունեցվածքի ու եկամուտների, նրանց ստվերային բիզնեսների վերաբերյալ։ Գոյություն են ունեցել դոսյեներ, որոնց միջոցով նրանք վերահսկել են օլիգարխիային՝ բոլոր խոշոր բիզնեսներում ստանալով իրենց փայը։ Ավելին՝ այդ դոսյեներին տիրապետել է նաև ԱԱԾ-ն ու հիմա դա է օպերատիվ արագ «բացահայտումների» գաղտնիքը։ Այն ժամանակ ԱԱԾ-ն հետևել է, որպեսզի օլիգարխիան «չքցի» Քոչարյանին, հիմա «ջրի երես» է հանում երկրորդ նախագահի կոռուպցիոն բուրգի «արյունոտ գաղտնիքները»։
Եվ վերջապես՝ Քոչարյանի գրասենյակի այսօրվա հայտարարությունը լույս է սփռում Մայրապետյանի գործի վրա։ Հիշեցնենք, որ Քոչարյանի մերձավոր գործարարը օրերս կալանավորվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա։ «Ինչ վերաբերում է Սիվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»,- պնդում է Քոչարյանի գրասենյակը՝ բնականաբար հերքելով, որ Մայրապետյանի միջոցով առանձնապես մեծ չափի կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից։
Այս հետաքրքիր պատմությանը կանդրադառնանք այլ առիթով, միայն նկատենք, որ Մայրապետյանը հազիվ թե երկար հանդուրժի իր անազատությունը ու հաստատ հանգամանալից պատմելու է, թե ինչպես էր գործարարներին թալանում՝ հավաքված փողերն իր սանիկ Արմեն Գևորգյանին կամ նրա միջոցով Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար։
Նյութի աղբյուրը՝ 1in.am