«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարևոր հանգամանքով:
Այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում. «Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն են, թե նա չարաշահել է իր լիազորությունները և ստանձնել դատավոր-դատախազի դեր:
Ըստ իշխանական մեր աղբյուրների, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաև իր ենթակաների հետ, որոնք ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում և ինֆորմացիայի արտահոսք ապահովում: Ի դեպ, այստեղ պատահական մարդիկ չեն աշխատում՝ շատ են հայտնի մարդիկ կամ նրանց զավակները:
Այնպես որ, ՎՊ նախագահի թշնամիները շատ են, և նրա՝ պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, դրական է: Ամիսներ առաջ նա նեղ շրջանակում ասել է, որ Զաքարյանը շարունակելու է աշխատել»: