ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ – հիշելու հրամայականը՝ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ
Աղջիկս՝ Մարիամը, որ ապրում է Վանաձորում և հիվանդանոցում բուժքույր է, բավարարվեց իմ բանավոր շնորհավորանքով իր մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա առիթով, երբ ասացի, թե՝ ներիր, դուստրս, այսօր Լեւնիդն է իմ հուշերում:
Ի՞նչ վատ կլիներ, որ այսօր Լեոնիդի անվան փողոցում հավաքվեինք, որ, ի ամոթ մեզ, շարունակում է Լենինգրադյան կոչվել, և մեր քաղաքապետարանի (միա՞յն) ամոթն է, որ Լենինգրադյանը Ազգալդյան կոչելու՝ ժողովրդի այդքան պայքարից հետո չանսացին այդ արդար պահանջին ու, ամոթաբար, մի նրբացք կոչեցին այդ խիզախ նահատակի անունով:
«Փառք այն հերոսներին,-իր «Ողջո՜ւյն, տղե՛րք…» գրքում գրում է Գագիկ Գինոսյանը,-որ ապրում են այնպես, ասես անմահ են և անմահանում են իրենց խենթացնող մահով»:
Լեոնիդը խե՞նթ էր: Իհարկե խենթ էր, Աստված մի այդպիսի հարյուր խենթ տար մեզ: Խենթ չլիներ կկարողանա՞ր ընդամենը 6 զոհ տալով՝ իր ջոկատով 27 բնագավայր ազատագրել: Լեոնդի նման խենթերն էին ազատագրում Արցախը:
Եվ, մեղայ Աստծու, այս նվիրյալը, այս իսկական ժողովրդակա՛ն հերոսը հերոսի կոչում չունի: Լեոնիդի սուրբ անունը չխառնեմ էսօրերի գաղջ մթնոլորտին (ընդամենը նկատի ունեմ մանվելականներին), ինչպե՞ս չասեմ, թե ովքե՞ր էին հերոսի կոչում շնորհողները և ո՞ւմ էին շնորհում: Նրա՞նք էին, որ, իբր, իրենք էլ են մասնակցել արցախյան կռիվներին (?), որ անամոթաբար տե՛ր դարձան խենթերի բերած հաղթանակին՝ նենգաբար չներելով իրակա՛ն հերոսների ներկայությունը… և ատելի դարձան ժողովրդին:
Շարունակում եմ կարդալ Գագիկի գիրքը, Գագիկի, որ Լեոնիդի զինվորն է եղել, ում հետ հենց Լեոնիդի մասին խոսք ես բացում՝ հուզմունքը մարմին է առնում իր տեսքով: Կարդում եմ Արտավազդի հրաշալի հոդվածը «Անդին»-ում, կարդում եմ ֆեյսբուքի ընկերներիս հուզմունքն ու վրդովմունքը, թե, ախր, այդ ինչպե՞ս եղավ, որ հերոսներ պահել չիմացանք, մանավանդ՝ կենդանի՛ հերոսներ: Էդիկ Մանվելյանի ցավով գրված ֆեյսբուքյան ստատուսից մեջբերեմ. «26 տարի առաջ, այս մայրամուտն արդեն չշիկնեց Լեոնիդի աչքերում, իսկ մենք՝ դեռ շարունակում ենք ապրել՝ ոսկե հորթեր ձուլելով ու նվիրյալներին մոռանալով...»:
…Էլ ի՞նչ ավելացնել. Մնում է Երկնային հեռուներին հառենք մեր հայացք ու այնտեղ թափառող խենթերի առաջ խոնարհենք մեր գլուխներն ու ասենք. «Ներեցեք, որ մենք դեռ չենք հասել խենթության ձեր աստիճանին»:
Ֆեյսբուք՝ Հովհաննես Պապիկյան