«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղի եկեղեցու սպասավոր քահանայի և մի ընտանիքի միջև:

Թղթակիցը զրուցել է օհանավանցիների հետ, ովքեր պատմել են, որ գյուղի ընտանիքներից մեկը Սուրբ Կարապետ եկեղեցու բակում այգի ունի, որի կապակցությամբ տեր հոր և նշված ընտանիքի միջև միշտ կոնֆլիկտ է եղել:

Իսկ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը ցանկացել է նկարահանումներ իրականացնել եկեղեցու բակում, ինչին դեմ են եղել ընտանիքի անդամները` պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է:

Արդյունքում` եկեղեցու բակում մեծ իրարանցում է սկսվել: Ըստ ականատեսների` տեր Եփրեմի բերանն ամբողջությամբ վնասվել է, իսկ սքեմն էլ` պատառոտվել: