Դերասանուհի Ելենա Վարդանյանը մայրանալուց հետո իր առաջին ֆոտոսեսիան է արել, որը տրամադրել է BlogNews.am-ին, ինչպես նաև պատմել կյանքի նոր փուլի և աշխատանքային եռուզեռի մասին: Դերասանուհին նշում է, որ առաջին անգամ աշխատել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ, ում հետ համագործակցությունը բավականին հաճելի էր:
Փետրվարի 2-ին ծնվել էր Ելենայի առաջնեկը՝ Ալեքսանդրը, իսկ արդեն մարտ ամսին դերասանուհին վերադարձել էր իր աշխատանքային բնականոն հունին: Բացի նրանից, որ խաղում է թատրոնում, վարում է նաև կորպորատիվ միջոցառումներ և աշխատում Երևանի ակումբներից մեկում՝ որպես հաղորդավարուհի:
«Ես, իհարկե, հասկանում եմ այն մայրերին, ովքեր հրաժարվում են աշխատելուց, բայց իմ բախտը բերել է, որ ունեմ ընտանիքիս աջակցությունը, ես էլ բնույթով այնպիսին եմ, որ չեմ կարող երկար ժամանակ չաշխատել: Իմ աշխատանքն ինձ օգնում է միշտ ֆորմայի մեջ մնալ․ դա դերասանուհու համար շատ կարևոր է»:
Ելենան նշում է, որ այս շրջանում բավականին նիհարել է. «Միանգամից սկսեցի դիետա պահել այն ժամանակից, երբ բժիշկը թույլ տվեց: Մոտավորապես հինգ ամսում նիհարեցի երեսուն կիլոգրամ: Փորձում եմ քաղցր քիչ օգտագործել և հետևել առողջ ապրելակերպի»:
Որդու հետ սիրում է առավոտյան ժամանակ անցկացնել․ միասին զբոսնում են և վայելում Երևանի հաճելի եղանակը. «Նա էլ է շատ սիրում դրսում լինել: Փառք Աստծո, շատ հանգիստ երեխա է, նրա համար կարևոր է, որ կուշտ լինի»: