Հայաստանի 4 քաղաքներում երեկ քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին: Միքայելյանն իր մրցակցին հաղթել է մոտ վեց հազար ձայնի առավելությամբ։

Արմավիրի քաղաքապետ է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, որը մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Կապան քաղաքում: Այստեղ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ մոտ երկու հազար ձայնի առավելությամբ։ Այսպիսով՝ ընտրությունների արդյունքները խիստ ուշագրավ են ու թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ կատարել, ընդ որում՝ ոչ միայն տեղական ընտրությունների, այլ նաև՝ ներքաղաքական իրողությունների համատեքստում։

Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում էր ու քարոզչություն էր իրականցանում իր կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին, ով երեկ պարտություն է կրել։ Հիմա տարբեր պատճառներ կարող ենք մատնանշել, որոնք հանգեցրեցին հեղափոխության թեկնածուի պարտությանը։

Արդեն իսկ տեսանելի է, որ աստիճանաբար նահանջում է հեղափոխական էյֆորիան ու դա առաջին հերթին տեսանելի է տեղական ընտրությունների պարագայում, որտեղ իշխանությունը չի կարողանում խաղարկել «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզը, այլ խոսքով՝ հասարակությանը վախեցնել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործոնով։

Մյուս կողմից՝ Սյունիքն, ինչես և Հայաստանի հասարակությունն, այդպես էլ չընդունեցին Հունան Պողոսյանին մարզպետ նշնակաելու որոշումը ու Կապանի երեկվա ընտրությունները յուրօրինակ պատասխան էին Նիկոլ Փաշինյանին։ Այս համատեսքտում, իհարկե, ցավալի է, որ, ըստ էության, ձախողվեց Նիկոլ Փաշինյանի՝ բարիկադների ապամոնտաժման մարտավարությունը, սակայն սխալը վարչապետինն է, որը խիստ անհրաժեշտ քաղաքական կուրսը զուգակցեց խիստ անհաջող կադրային նշանակման հետ։

Սակայն որն էլ լինի Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության բուն պատճառը, Սյունիքի մարզկենտրոնում երեկ հաղթել է հեղափոխությունը։ Երբ Հայաստանում օրինական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքներով պարտվում է վարչապետի թեկնածուն, դա ոչ թե հեղափոխության պարտությունն է, այլ՝ հաղթանակը, որովհետև հեղափոխությունը պետք է ասոցացնել ոչ թե կոնկրետ թիմի, այլ՝ արժեքների ու գաղափարների հաղթանակի հետ։

Երբ ՏԻՄ մակարդակում ներդրվում է օրինական ընտրությունների մոդելն ու քաղաքական բազմազանության ինստիտուտը, դա ինքնին հեղափոխության հաղթանակն է։ Օրինական ընտրություններում իշխանության պարտությունը կամ դրանց միջոցով իշխանության փոխարինելիությունը ժողովրդավարության կարևոր հատկանիշ է։

Սկզբունքային նշանակություն ունեն նաև Հրազդանի ընտրությունների արդյունքները։ Քաղաքապետ դարձած Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ՔՊ անդամ է միայն պայմանակնորեն ու երեկվա ընտրություններում հաղթանակ է տարել ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ցանկության, որոնք հայտարարել էին, թե չեն պաշտպանում Միքայելյանի թեկնածությունը։

Ավելին՝ իշխանությանը հարող քաղաքացիական ինստիտուտները ու ԶԼՄ-ները հիմնականում զբաղված էին Սևակ Միքայելյանի դեմ հակաքարոզչությամբ։ Հրազդանի ընտրությունները բացահայտեցին, որ հասարակությունը հրաժարվում է պրիմիտիվ երկընտրանքից ու արդեն սովորում է կատարել ընտրություն, որը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դիրքորոշումից։

Սա ևս հեղափոխության ձեռքբերումներից մեկն է, ինչը գործնականում անհնար է դարձնելու ավտորիտար կառավարման հաստատումը։ Մյուս կողմից՝ հատկապես Կապանի քաղաքապետի ընտրություններն որոշակի ահազանգ են Նիկոլ Փաշինյանի թիմի համար՝ այն իմաստով, որ հասարակությունն աստիճանաբար ձերբազատվում է հեղափոխական էյֆորիայից՝ իշխանություններից պահանջելով կոնկրետ աշխատանք ու արդյունքներ։

Նյութի աղբյուրը՝ 1in.am