Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ երկուշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ կընդունվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։
Այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը հույս ունի՝ կհաղթի սթափ տրամաբանությունը։
«Հույս ունեմ, որ չեն առաջնորդվի մանր քինախնդրությամբ, այստեղ անգամ կուսակցական շահ էլ չկա։ Իրենք առաջնորդվում են վերջին վատություն անելու տրամաբանությամբ, ինչը համարում եմ անընդունելի։ Ես խիստ լավատես եմ եւ հույս ունեմ որ երկուշաբթի առաջին ընթերցմամբ կընդունվի այն»,– ասաց նա։
Նա հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը միացել է ստորագրահավաքին, իսկ ՀՅԴ–ն հրաժարվել է ստորագրել, սակայն, հայտնել է, որ մտադիր են երկուշաբթի կողմ քվեարկել. «Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են, պետք էր 27 ստորագրություն, սակայն, դրանից ավելի շատ են»։
Անդրադառնալով նախօրեին ՀՀԿ–ականների կողմից նախագծի քվեարկությունը բայկոտելուն՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր կարծիքով, խորհրդարանական մեծամասնությունը պարզապես ցույց է տվել սեփական անզորությունը. «Ես կարող եմ հասկանալ քաղաքական բոյկոտը, բայց երեկվա իրենց արածը չէր համապատասխանում քաղաքական տրամաբանությանը»։
Դիտարկմանը, թե ըստ մամուլի, ՀՀԿ–ականների բոյկոտին նաեւ «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավորներ՝ Նապոլեոն Ազիզյանն ու Վարդան Ղուկասյանն են միացել, Զոհրաբյանը պատասխանեց. «Նապոլեոն Ազիզյանը վատառողջ էր, իսկ Վարդան Ղուկասյանն էլ համապատասխան հագուստով չէր, ես եմ նրան հորդորել չմտնել նիստերի դահլիճ»։