Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր՝ հոկտեմբերի 24–ին, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին խնդրեց թույլ չտալ, որ Երեւանում նոյեմբերի 15–18–ն անցկացվի նույնասեռականների համաժողովն ու երթը։

«Լուրեր կան, որ նոյեմբերի 15-18–ը Երեւանում անցկացվելու է համասեռամոլների համաժողով, որին պետք է հաջորդի քայլարշավ։ Այո, դուք շատ ճիշտ եք, մեր պետականության եւ ազգային անվտանգության համար սպառնալիք է տնտեսական եւ քաղաքական մենաշնորհը, բայց մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, որ մեր ուժերը համախմբենք եւ ամեն օրինական եւ թույլատրելի հնարավորն անենք մեր ավանդական ընտանիքների պահպանման համար»,– ասաց նա։


Դիմելով Նիկոլ Փաշինյանը՝ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ինքը ողջունում է հեղափոխությունը, սակայն, կա մի հեղափոխություն, որն ինքը երբեք չի ուզենա Հայաստանում տեսնել. «Դա հեղափոխությունն է մեր ավանդական ընտանիքների ավանդական բարքերում»։