Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երկուշաբթի վարչապետին կներկայացնի 1 մլն դոլարին համապատասխան համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում։
«Բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են։ Այս տարվա աշնան եւ ձմռան ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր»,–նշեց Սանասարյանը։
Նա ներկայացրեց նաեւ, թե որտեղ են հայտնաբերվել չարաշահումները եւ որտեղից են կատարվելու հետբերումները. «Մի մասը ԲԷՑ–ից է, «Լուսանշան» ՊՈԱԿ–ից, մենք վերջացրել ենք Ագրարային համալսարանում աշխատանքները, նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե, եւ հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը։ ԵՊՀ–ում ուսումնասիրությունները առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան նաեւ ԵՊՀ–ում, նախնական տվյալներով գումարի չափը երկու անգամ կամ ավելին գերազանցելու է Ագրարային համալսարանին»։
Դավիթ Սանասարյանը շեշտեց՝ ուսումնասիրություններ են կատարվում նաեւ ՋՕ–ներում, որոնք հնարավոր է առանձին ներկայացվեն, «Վարչապետի հանձնարարությամբ ՋՕ–ներում ենք անում ուսումնասիրություններ, առաջիկայում Արտաշատի ՋՕ–ում ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք, խախտումները բավականին մեծ են»։
Նրա խոսքով՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում ու վարչությունում եւ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում են կատարում վերահսկողություն։