Ես առաջիններից եմ, եւ մեր թիմն առաջիններից է, որ գնալու է օպտիմիզացիայի ճանապարհով, մենք այդ ուղղությամբ արդեն առաջին օրվանից աշխատանքներ ենք տանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւան քաղաքի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Բայց 2 շաբաթը, հավատացնում եմ ձեզ, շատ քիչ ժամանակ է, որ մենք կարողանայինք այդտեղ լուծումներ ունենայինք եւ մենք ուզում ենք հաստատել այս պահին ինչ կա, շարժվել առաջ, քանի որ առանց այս հաստիքացուցակի ընդունման անգամ մամուլի քարտուղար չեմ կարող ընդունել եւ աշխատելով ձեզ հետ մենք կգանք ամենաօպտիմալ որոշմանը, հնարավոր կարճ ժամկետներում,դա բխում է բոլորիս շահերից»,–ասաց Հայկ Մարությանը։
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը նկատեց, որ իրենք եւս համամիտ են այդ փոփոխությունների հետ, սակայն հետագայում պետք է նաեւ աշխատանքը կորցրած մարդկանց ինչ–որ մի ձեւ աջակցել, ինչին Հայկ Մարությանն արձագանքեց,որ եթե դա մտնում է իրենց պարտականությունների մեջ, ապա անպայման։
Նշնք, որ ավագանին քննարկում է Երեւանի քաղաքապետարանի եվ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, երեվանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու եվ Երեւան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի n 16-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը։