Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է համաներման հարցը: Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կառավարությունը հանդես է եկել լայնածավալ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր խոսքում ասաց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա, իսկ ամբողջ մահճակալների թիվ կազմում է 5346:
Նուբարաշեն ՔԿՀ-ում կա 644 դատապարտյալ և կալանավոր, այն դեպքում, երբ ընդհանուր տեղերի քանակը, Զեյնալյանի խոսքով, 780 է: Վարդաշեն ՔԿՀ-ում տեղերի թիվը 339 է, իսկ դատապարտյալների քանակը՝ 155:
Զեյնալյանն ասաց, որ այս թվերը ներկայացնում է այն բանի համար, որ պարզ լինի, որ համաներումը քրեակատարողական հիմնարկներ բեռնաթափելու նպատակ չունի: «Սա բացառապես հումանիտար ակտ է, կոչված է հաշտության», -հավելեց նա:
Ըստ նրա՝ պատժից ազատվելու են չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված դատապարտված անձինք, հաշմանդամները, 60 տարեկանը լրացած անձինք, հղի կանայք, առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածները, ովքեր օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են նշանակված պատժի մեկ երրորդը:
Արտակ Զեյնալյանն ասաց նաև, թե որ խմբերի վրա չի տարածվի համաներումը: «Այն անձանց նկատմամբ, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Հետախուզվողների նկտամամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի հունվարի մեկը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է, դատարան: Մյուս խումբը՝ հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում»,- ասաց նա:
Նաև բացարձակ արգելք է սահմանված մի շարք հանցագործությունների նկատմամբ, մասնավորապես, ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ավազակության, ահաբեկչության, պետական դավաճանության, դիվերսիայի, ապօրինի հարստանալու և այլ դեպքերը: Այս դեպքերում բացարձակ համաներում չի լինելու: Չի տարածվելու նաև մի քանի հանցագործություն կատարած անձանց վրա, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար օրենքով համաներում կիրառելն արգելվում է, այն անձանց նկատմամբ, որոնք պայմանական վաղաժամկետ ազատվել են և մեղադրվում են պատժի չկրած հատվածում դարձյալ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտվածներին, Զեյնալյանն ասաց, որ նրանց նկատմամբ ևս համաներումը չի տարածվելու:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 2888 անձանցից պատժից կազատվեն շուրջ 270-ը, այսինքն՝ դատապարտյալների մոտ 10 տոկոսը: Քրեակատարողական հիմնարկներում պահվող 396 անձի՝ 21.5 տոկոս, օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժի չկրած մասը կկրճատվի: Այսինքն՝ ընդհանուր առմամբ ՔԿՀ-ներում պահվող ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է դատապարտյալների ավելի քան 30 տոկոսը: Պրոբացիոն ծառայության շահառուների շուրջ 70 տոկոսի վրա ևս կտարածվի համաներումը: Քննչական կոմիտեում քննվող ավելի քան 6000 գործերից 1096-ի վրա ևս կտարածվի: «Սա իր բացարձակ ցուցանիշներով և հարաբերական ցուցանիշներով նախորդ տարիներին կատարած համաներումների թվում ամենաշատ շահառու ունեցող համաներումն է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: