Ես չեմ մեկնաբանել մի տրիվյալ պատճառով, ոչ մեկ չի հարցրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունը:
«Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մի օտարերկրյա պաշտոնյա որեւէ հայտարարություն է անում, բոլորն այդ հայտարարությունները սկսում են քննարկել, հետեւություններ անել եւ վերադրել Հայաստանի կառավարությանը դիրքորոշումներ, որոշումներ, խոստումներ: Ոչ մեկ չի մտածում… ես ինչքան հիշում եմ, նույնիսկ մամուլի քարտուղարից ոչ մեկ չի հարցրել այդ հայտարարությունների կապակցությամբ ինչ եք ասում: Բոլորն ամեն ինչ որոշել են, բոլորի համար ամեն ինչ պարզ է»,- ասաց Փաշինյանը:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարությանը, եւ յուրաքանչյուր երկրի ազգային եւ պետական շահերին, բայց ՀՀ-ն ունի իր ազգային եւ պետական շահերը, որոնք միշտ չէ որ կարող են համընկնել որեւէ երկրի շահերի եւ պատկերացումների հետ. « ՀՀ կառավարությունը հենվել է, հենվում է եւ շարունակելու է հենվել Հայաստանի շահերի վրա: Որեւէ մեկը չկասկածի, որ մենք հարյուր տոկոսով մեր գործողությունները կառուցում ենք Հայաստանի ազգային շահերի հենքի վրա եւ ԱՄՆ-ի հետ, եւ Իրանի, եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում: Այնպես որ, բոլորին կոչ եմ անում որեւէ հայտարարություն չբվերագրել ՀՀ կառավարությանը, եթե հայտարարության հեղինակը կառավարությունը չէ: Այն հայտարարությունը որ դուք արեցիք, որ մենք պետք է առանձնահատուկ հարաբերություններ ունենանք Իրանի եւ Վրաստանի հետ, որոնք հնարավորինս դուրս կլինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը շատ հստակ վերահաստատվել է պարոն Բոլթոնի հետ իմ ունեցած հանդիպման ընթացքում : Կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ պատվիիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի եւ նույնիսկ ընդունելի»: