Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօրվանից մեկնարկել են 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարարի պաշտոնկատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հաջորդ տարվա բյուջեի ցուցանիշները: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ ապահովել՝ այս տարվա 6.5 տոկոսի փախարեն:
Ըստ Ջանջուղազյանի՝ այս տարվա սպասումն այն է, որ կապիտալ ծախսերը բյուջեում կկազմեն 2.4 տոկոս, իսկ 2019-ին՝ արդեն 3.2 տոկոս: Ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը 21.2 տոկոս կկազմի այս տարի, իսկ 2019-ին՝ 21.1 տոկոս: Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը 20.3 տոկոսից հաջորդ տարի կդառնա 20.7 տոկոս: «Հարկային եկամուտներն այս տարին կլինեն 1 տրիլիոն 256 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին կկազմեն 1 տրիլիոն 399 մլրդ դրամ: Որպեսզի մենք կարողանանք պատկերացում կազմել, թե ինչ հնարավարություններ ունենք մեր կարիքները հոգալու համար, բացի եկամուտներից նաև պետք է դիտարկենք պատք վերցնելու այն հնարավորությունները, որոնք մենք ունենք:
Մենք ունենք որոշակի սահմանափակումներ պարտքի մասով: Իսկ մեր պարտք վերցնելու հնարավորությունն արտացոլվում է մեր դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում: 2018 թվականին նախատեսվում է, որ այն կկազմի շուրջ 161 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ 152 մլրդ դրամ»,- ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ մենք պետք է ունենանք պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականություն: Ջանջուղազյանն ասաց, որ գոյություն ունեն արտաքին պարտքի գնահատաման չափանիշներ, որոնցով միշտ գնահատվում են երկրների պարտքի բեռը: «Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- հավելեց նա: